Կարևոր իրադարձություններ

30-ամյա կնոջը կծած շան մոտ կատաղություն է հայտնաբերվել. ԱՆ

06 Հունիս, 2018 11:41
30-ամյա կնոջը կծած շան մոտ կատաղություն է հայտնաբերվել. ԱՆ

Շան կծածի կապակցությամբ պատվաստման նպատակով բժշկի է դիմել Երևանի 30-ամյա մի բնակչուհի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը, տուժածը համապատասխան բուժօգնություն է ստացել եւ պատվաստվել է կատաղության դեմ:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 23-ին տուժածին՝ ձախ ոտքի սրունքի հատվածում, կծել է շների կացարան բերված թափառող շուն: Տուժածը որևէ տեղ չի դիմել բուժօգնության նպատակով, այլ հետևել է շանը։

Մայիսի 31-ին շան մոտ նկատել է վարքագծային փոփոխություն, հունիսի 1-ին շունը քնեցվել է: Կենդանու գլուխը ենթարկվել է անասնաբուժական լաբորատոր հետազոտության, որի արդյունքում շան մոտ հաստատվել է կատաղություն:  

Հիվանդը ժամանակին չի դիմել բժշկի, չի ստացել համապատասխան պատվաստումներ և միայն 13 օր անց դիմել պոլիկլինիկա՝ պատվաստում ստանալու համար, միաժամանակ պարզաբանել է, որ ինքն ունի արտահայտված ալերգիա: Պոլիկլինիկայի բժիշկը խորհուրդ է տվել ստացիոնար պայմաններում ստանալ պատվաստումը՝ ալերգիկ բարդություններից խուսափելու համար: Պոլիկլինիկայի բժիշկը դեպքի մասին նաև անմիջապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարություն, և մասնագետների հորդորով հիվանդը հոսպիտալացվել է  Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիվանդը ներկայումս ստացել է առաջին պատվաստումը, վիճակը, այս պահի դրությամբ. բավարար է: Վերջինիս հետագա հսկողությունը կկազմակերպվի ամբուլատոր պայմաններում՝ կլինիկական նշանների բացակայության պատճառով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը. հաշվի առնելով, որ կատաղությունը կարող է ունենալ լուրջ բարդություններ, թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների կծելու դեպքում, անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան պատվաստումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին