Կարևոր իրադարձություններ

Իրավական հիմքեր են ստեղծվել ԱԺ ՀՀԿ-ական ղեկավար կազմի հրաժարականի հարցը բարձրացնելու համար․ «Ժողովուրդ»

06 Հունիս, 2018 09:15
Իրավական հիմքեր են ստեղծվել ԱԺ ՀՀԿ-ական ղեկավար կազմի հրաժարականի հարցը բարձրացնելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաև օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի քանիսը ևս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում՝ 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կա­ռավարող չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե՝ իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ էդուարդ Շարմազանովի և Արփինե Հով­հաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու­նի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի: 

Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մար­դիկ դուրս չգան, միևնույն է, հնարավոր է՝ ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ՝ ՀՀԿ խմ­բակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումների»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին