Կարևոր իրադարձություններ

«Դասավանդիր, Հայաստան»-ի անդամների թիվը կրկնապատկվում է. կրթական ծրագիրն ավարտեց 28 մասնակից

05 Հունիս, 2018 21:30
«Դասավանդիր, Հայաստան»-ի անդամների թիվը կրկնապատկվում է. կրթական ծրագիրն ավարտեց 28 մասնակից

«Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը կրթությունը հասանելի է դարձնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար: Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցների՝ հեռավոր գյուղեր մեկնող և դպրոցներում դասավանդող ուսուցիչների քանակը ավելանում է: Հունիսի 5-ին կայացավ «Ես դառնում եմ դեսպան» արարողությունը, որը նվիրված էր երկամյա ծրագիրն այս տարի ավարտող 28 մասնակիցներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Զարգացած Հայաստան ասելիս հասկանում ենք, նախևառաջ ժամանակակից և զարգացած կրթություն: Հայաստանը 21-րդ դարում չի կարող ունենալ լավ ծրագրեր, լավ ապագա, եթե չունենա հիմք՝ կրթված քաղաքացիներ: Այստեղ կրթությունը պետք է լինի համաչափ: Տարբեր ոլորտների տաղանդները չեն ծնվում միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, գյուղերում և հաճախ՝ հեռավոր գյուղերում: Այս ծրագրով շատ կարևոր գործ է արվում՝ կրթությունը հասանելի դարձնել նաև հեռավոր անկյուններում»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնեց ինչպես ծրագիրն ավարտողներին, այնպես էլ կազմակերպիչներին:

«Աշխատում ենք այն դպրոցների հետ, որտեղ իսկապես ուսուցիչների պակաս կա: Ծրագրի մասնակիցները դասավանդում են տարբեր առարկաներ՝ 2 տարի շարունակ նվիրվելով այդ գործին և ոգեշնչելով երեխաներին: Առանց այս ծրագրի շատ դպրոցներում շատ աշակերտներ կրթության հնարավորությունից լիարժեք չէին օգտվի»,-ասաց «Դասավանդիր, Հայաստանի» հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն ու հավելեց, որ ծրագիրն ունի ինչպես կրթական, այնպես էլ հեռավոր շրջաններում կյանքն ակտիվացնելու նպատակ: Մասնակիցներն իրենց առաջնորդության զարգացման երկու տարիների ընթացքում ոչ միայն կրթական հնարավորություններ, այլ նաև նոր շունչ, նոր կյանք են տալիս գյուղական համայնքներին:

Ծրագրի ուսուցիչները պետք է ունենան բարձրագույն կրթություն՝ առնվազն բակալավրիատի աստիճան: Սակայն մասնագիտությունն այնքան էլ կարևոր չէ: Դիմողները բարդ քննություն են անցնում, ընտրվում են տաղանդավորները:

Ծրագրի այս տարվա ավարտող Նարեկ Արզումանյանը դասավանդել է Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի հիմնական դպրոցում: Ծրագրի մասին իմացել է համալսարանն ավարտելուց հետո, որոշել է մասնակցել և իր գիտելիքները ներդնել Հայաստանում կրթության բարելավմանը: «Ծրագիրն ինձ տվեց նաև ինքնաճանաչման հնարավորություն, բացահայտեցի այն թույլ կողմերս, որոնց ուղղությամբ պետք է աշխատեմ: Դասավանդել եմ «Աշխարհագրություն» առարկան: Մինչ այդ աշակերտներին այդ առարկան դասավանդել է պատմության մասնագետը: Ունեցել ենք նաև թուրքերենի արտադասարանական դասընթացներ, նաև թատերական խմբակ»,- ասա նա ու հավելեց՝ շարունակելու է մնալ Ձորագյուղում ու դասավանդել:

Այս տարվա շրջանավարտները 28-ն են՝ նախորդ տարվա 12-ի համեմատ: Նրանք դառնում են «կրթության հավասարության դեսպաններ»: Մյուս տարվա ավարտողների թիվը կլինի 42:

Այս տարի ծրագիրը կունենա 65 նոր ընտրված մասնակից: Ծրագրի մասնակիցների ընդհանուր թիվը կլինի 100: «Դասավանդիր, Հայաստան»-ի մասնակիցներն այն երիտասարդներն են, ովքեր մեկնում են համայնքներ՝ դասավանդելու դպրոցներում և նպաստելու կրթական համակարգում ամենամեծ խնդրի լուծմանը՝ կրթական հնարավորությունների հավասարության ապահովմանը, որպեսի հանրակրթությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաներին: Ուսուցիչները տեղաբաշխված են այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: Նախորդ տարի «Դասավանդիր, Հայաստանը» հաջողությամբ մուտք է գործել ևս մեկ մարզ, այնուհետև Արցախ: Այս պահին ծրագիրը ներկայացված է Հայաստանի 6 մարզի, Արցախի 3 շրջանի 51 գործընկեր դպրոցում: 70 մասնակիցներն աշխատում են շուրջ 6000 երեխայի հետ:

Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 29 տարվա պատմություն ունի, կիրառվել է աշխարհի 48 երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին