Կարևոր իրադարձություններ

Իրավապահները փնտրում են գողացված բանկային քարտով գումար կանխիկացնել փորձած քաղաքացուն

05 Հունիս, 2018 20:28
Իրավապահները փնտրում են գողացված բանկային քարտով գումար կանխիկացնել փորձած քաղաքացուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մարտի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, երթուղային ավտոբուսի մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, սոցիալական քարտ և բանկային քարտեր:

Պարզվել է, որ գողացված բանկային քարտով նույն օրը փորձել են կատարել գումարի կանխիկացման գործարք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդին հայտնաբերելու, քաղաքացու գողացված բանկային քարտը նրա մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին