Կարևոր իրադարձություններ

Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան այստեղից ոչ մեկին չի կարող տանել»

05 Հունիս, 2018 18:10
Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան այստեղից ոչ մեկին չի կարող տանել»

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը պատասխանել է Թուրքիայի վարչապետի օգնական և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը։

Վերջինս հունիսի 4-ին անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ կապի մեջ մեղադրվող 8 թուրք զինվորականների խնդրին, որոնք 2016թ․ հեղաշրջման փորձից հետ ապաստանել էին Հունաստանում։ Այդ զինվորականներից 4-ը օրերս ազատ են արձակվել՝ 18 ամիս ազատազրկման ժամկետից հետո։ 

«Հունաստանը հովանավորում է FETÖ-ականներին, ակնհայտորեն աջակցում է այդ կառույցին։ Ինչ ուզում են, թող անեն, հեղաշրջման մասնակից, FETÖ-ական զինվորներին գտնելն ու փաթեթավորված Թուրքիա տեղափոխելը մեր պարտականությունն է», - ասել էր Բոզդաղը։

Դրան ի պատասխան՝ Հունաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Հունաստանից որևէ մեկին ուժով ստանալ։

«Նմանատիպ անտեղի հայտարարությունները նրանց համար են, ովքեր արտաքին քաղաքականություն են վարում ըստ ներքին քաղաքականության  սկզբունքների։ Հունաստանի վարչապետը միայն մեկ բան պիտի անի՝ նպաստի արդարության կայացմանը։ Ցավոք Թուրքիայի քաղաքական գործիչների մի մասը դժվարանում է հասկանալ քաղաքականության և արդարության միջև եղած հարաբերությունը։ Թուրքիան լավ գիտի, որ մենք այն պետությունը չենք, որի հետ կարելի է խաղ անել։ Թուրքիան չի կարող այստեղից ոչ մեկին տանել․ իրավունք չունի և մենք էլ նման բան թույլ չենք տա», - նշել է Հունաստանի արտգործնախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին