Կարևոր իրադարձություններ

Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում

05 Հունիս, 2018 12:03
Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում

Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու անդամները բոյկոտում են՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ը զրուցել է ավագանու անդամների և քաղաքապետի հետ՝ պարզելու նման պահանջի հիմքերը, և թե արդյոք դրանք հիմնավորված են:

«Բոյկոտում ենք մասնավորապես կադրային ոչ ճիշտ քաղաքականության, քաղաքի աղտոտվածության, տեղական տուրքերի դրույքաչափերի բարձր լինելու և շատ այլ պատճառներով: Արտաշատի լիճը մի թեթև մաքրել են և աղբը լցրել դրա հարակից մատուռի հետևում»,-ասել է ավագանու անդամ Գոռ Նազարյանը:

Նրա խոսքով՝ ավագանու 9 անդամ՝ նույն պահանջով չեն գնում նիստերին: Ավագանու մեկ այլ անդամ՝ Կամո Խաչատրյանը, ով ևս չի ներկանում ավագանու նիստերին, ասում է՝ ինքը պահանջում է քաղաքապետի հրաժարականը ոչ լիարժեք ղեկավարման համար: «Արտաշատն աղբի մեջ կորած է:

 
Աղբահանությունը շատ վատ է կատարվում»,-ասաց նա:


Քաղաքապետ Կարեն Բենիամինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է՝ ավագանու նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել, սակայն հրաժարականի պահանջով իրեն պաշտոնապես ավագանու ոչ մի անդամ չի դիմել: Անդրադառնալով ավագանու անդամների կողմից բարձրացված աղբահանության հարցին՝ Բենիամինյանն ասել է՝  քաղաքում աղբահանությունն ամեն օր կատարվում է, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Իսկ Արտաշատի լճի մաքրման աշխատանքներն արդեն վերջացրել են: Հարցին՝ թե ինչու երկար ժամանակ չէր մաքրվում, ասել է՝ այն տրված էր վարձակալությամբ անվարձահատույց: 

«Վարձակալը եղել է անհատ Աշտակ Պողոսյանը: Պայմանագրով իրենք պետք է մաքրման աշխատանքներ իրականացնեին: Սակայն վարձակալությունից հրաժարվեցին: Տարեսկզբին մաքրման համար գումար չկար նախատեսված, քանի որ լիճը համայնքի սպասարկման տակ չէր: Մայիսի 4-ի ավագանու նիստով նախատեսված էր լճի մաքրման համար գումար հատկացնելու հարց: Նիստը չկայացավ, սակայն մենք գումարը պայմանագրով տվեցինք կազմակերպությանը, որպեսզի մաքրման աշխատանքները կատարեն: Լիճն այս պահին մաքրված է արդեն»,-հավաստիացրել է քաղաքապետը:

Բենիամինյանը նշել է՝ բնակիչներին հորդորել է աղբահանության, աղբի կուտակման հետ կապված ցանկացած խնդրի դեպքում զանգահարել թեժ գիծ և զգուշացնել այդ մասին: Հավաստիացրեց՝ բնակիչների կողմից բարձրացված ցանկացած հարցի լուծում է տրվել:

«Ես աշխատում եմ, որ քաղաքի համար անեմ հնարավոր ցանկացած բան: Ընտրված եմ բնակիչների կողմից, աշխատում և ծառայում եմ իմ քաղաքին ու ժողովրդին: Եթե անձնական շահով առաջնորդվելով պահանջներ են ներկայացնում, ես հիմքեր եմ պահանջում: Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ բնակիչների կողմից իր հրաժարականի պահանջ չի եղել:

Կարեն Բենիամինյանը Արտաշատի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին