«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման միջոցով հայտարարել և կոչ է արել Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որ նրանք դադարեցնեն ակցիաները և ժամանակ ու հնարավորություն տրամադրեն Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք իրականացնեն ցուցարարների հետ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գնդակը հիմա Արցախի իշխանության դաշտում է, և պետք է տալ հնարավորություն, որ իշխանությունը կատարի այն փոփոխությունների վերաբերյալ քայլերը, որոնց շուրջ եղել են պայմանավորվածություններ: Եթե դրանք չարվեն, եթե ժամանակը չօգտագործվի դրա համար, ապա ցուցարարները կարող են «գնդակը վերադարձնել իրենց դաշտ», ասել է Փաշինյանը: Նրա հայտարարությունից հետո Ստեփանակերտի հանրահավաքների կազմկոմիտեն կայացրել է հանրահավաքները դադարեցնելու և իշխանության քայլերին սպասելու որոշում:
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու Ստեփանակերտի հանրահավաքի կազմկոմիտեի դրան արձագանքելուց հետո կարող ենք անել մի քանի եզրակացություն: Առաջին, որ Արցախում իրադարձությունների զարգացումն առնվազն այս փուլում որևէ կերպ չխաթարեց չճանաչված այդ պետության կայունությունը՝ ի հեճուկս դրա վերաբերյալ աղմուկ-աղաղակի, որ բարձրացնում էին տարբեր շրջանակներ Երևանում: Երկրորդ՝ Արցախի իշխանությունն ու ցուցարարներն առնվազն կարողացան գալ միջանկյալ պայմանավորվածության, իսկ Երևանն էլ, ըստ էության, իրեն վերապահեց ոչ թե լուծումներ պարտադրելու որոշում՝ ինչպես հորդորում էին Նիկոլ Փաշինյանին որոշ երևելի գործիչներ, այլ պարզապես արձանագրեց այդ պայմանավորվածությունը և ըստ էության՝ նաև անուղղակիորեն ստանձնեց որոշակի երաշխավորություն դրանց իրականացման համար:
Համենայնդեպս, եթե այժմ Արցախի իշխանությունն իրապես չգնա փոփոխությունների ու ներքին կյանքի շոշափելի թարմացման, կառավարման արդյունավետության և համերկրային համերաշխությանն ուղղված կոնկրետ քայլերի, ապա դրանով, փաստորեն, անհարմար դրության մեջ դրած կլինի նաև Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Երրորդն, այդ առումով, Նիկոլ Փաշինյանի հեղինակության արձանագրումն էր նաև արցախյան մասշտաբով, որ արձագանք գտավ ցուցարարների շրջանում, և այստեղ, իհարկե, անհրաժեշտ է անդրադառնալ այդ հանգամանքի մեկ այլ ասպեկտի, որն արդեն առնչվում է բոլորովին այլ հարցի՝ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական խնդիրներին:
Փաշինյանի կոչն ու հանգուցալուծումն առնվազն այս փուլում, վկայելով նրա հեղինակության մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, ըստ էության, բավականին ամրացնող գործոն դարձան արցախյան խնդրում նրա դիրքորոշումների մասով, որ մայիսի 9-ին հնչել էին Ստեփանակերտում, և որքան էլ տարօրինակ չհնչի՝ տարակուսանքի էին արժանացել Հայաստանում, թե այդ կոչերը կարող են չընկալվել միջազգային ասպարեզում: Միջազգային ասպարեզում չի կարող չընկալվել դիրքորոշում, որը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի հանրության վստահությունը վայելող գործիչը: Եվ այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իրենով մեծ միջազգային լեգիտիմություն է հաղորդում նաև Արցախի իշխանությանը՝ այս առումով ինքն էլ գնդակը թողնելով պաշտոնական Ստեփանակերտի դաշտում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: