Կարևոր իրադարձություններ

Արցախում իրավիճակը հանգստացել է. Ովքեր են հրաժարական տալու. «Ժողովուրդ»

05 Հունիս, 2018 09:15
Արցախում իրավիճակը հանգստացել է. Ովքեր են հրաժարական տալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերը, մեղմ ասած, վտանգավոր երանգ են ստանում: Վտանգավոր հենց Արցախի համար, քանի որ երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Նման իրավիճակում պետության ներսում անկառավարելի իրավիճակ ստեղծելու, ապակայունացման ցանկացած փորձ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Բացի այդ, Ստեփանակերտում տեղի ունեցածը վտանգավոր է ոչ միայն այդ պետության համար (քանի որ հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից` փորձելով դիմել ակտիվ ռազմական գործողությունների), այլև սա անուղղակի ստվեր է գցում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության վրա: Ի վերջո, Ստեփանակերտում փորձում են կրկնել Հայաստանում իրականացված քայլերը, և եթե իրադարձություններն ընթանան ոչ ցանկալի հունով, ապա հետևանքները ծանր կլինեն:

Մինչ այդ նկատենք, որ երեկ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԼՂՀ բնակիչներին դադարեցնել բողոքի ցույցերը: Ավելի վաղ կատարվածի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ նա մշտական կապի մեջ է Բակո Սահակյանի հետ: Իսկ ահա Քոչարյանի գրասենյակից այդպես էլ հստակ պատասխան չեն տվել. «Ի՞նչ արձագանք եք ակնկալում»,- ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոստանալով մեր հարցը փոխանցել Քոչարյանին:

Հ.Գ. Ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ արցախցիները որոշել են դադարեցնել բողոքի ցույցերը: Բանն այն է, որ ի սկզբանե ԼՂՀ իշխանություններն ադեկվատ են գնահատել իրավիճակը, ու նախագահ Բակո Սահակյանի մակարդակով ցույցի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խոստում է հնչել միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատժելու մասին, այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են կատարվում:

Մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը պետական պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացրել, որոշվել է ստեղծել  հանրային խորհուրդ: Նախնական որոշվել է, որ հրաժարական են ներկայացնելու ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն ու իր տեղակալը իրավիճակի հանգուցալուծման համար: Ու հիմա, հաշվի առնելով Բակո Սահակյանի հետ պայմանավորվածություններն ու ՀՀ վարչապետի հորդորը, բողոքի գործողությունները դադարեցվել են:

Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ երեկոյան ցուցարարների հետ հերթական անգամ հանդիպման է շտապել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ պահին ՀՀ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով հանդես է եկել հայտարարությամբ: Մարդիկ նրա ելույթը ծափերով են ընդունել՝ հայտարարելով իրենց որոշման մասին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին