Կարևոր իրադարձություններ

Մեղավորը օրե՞նքն է, թե օրենքից դուրս աշխատելու ցանկությունը. «Փաստ»

05 Հունիս, 2018 08:36
Մեղավորը օրե՞նքն է, թե օրենքից դուրս աշխատելու ցանկությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կառավարության շենքի դիմաց ուղևորափոխադրող ընկերությունների ղեկավարներն ու աշխատակիցներն իրենց բողոքն էին արտահայտում նոր օրենքի կիրառ­ ման պատճառով: 

Բանն այն է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4–րդ հոդվածի պահանջները, որոշում է կայացրել, որ 2018 թ. հունիսի 1–ից Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա: 

Հունիսի 1–ից ուղևորափոխադրում իրականացնելու համար պետք է անպատճառ ստանալ թույլտվություն, հակառակ դեպքում՝ անհնար կլինի հատել սահմանային անցակետը: Քաղաքացիները դեմ են այս փոփոխությանը, շատերը համոզված են, որ այս դեպքում թույլտվություն ստանալն իրենց համար անհնարին կլինի: 

«Փաստ»–ի հետ զրույցում նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե այժմ թույլտվությունը փոխարինվել է մրցույթով, տեղեկացրեց, որ նախկինում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար չկար թույլտվության ընթացակարգ: Բայց կար տուրք: Արդյունքում այդ գործունեությունը մնացել էր իրենց դաշտից դուրս ու անվերահսկելի էր: 

«Մարդիկ աշխատում էին, տուրքը չէին վճարում, շատերն անգամ հարկային մարմիններում չէին գրանցվում և իրականացնում էին ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, որն այնքան էլ ոչ կանոնավոր չէր, լավ էլ կանոնավոր էր: 

Հիմա մենք նրանց, ովքեր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում են իրականացնում, առաջարկում ենք գալ, թույլտվություն ստանալ և նոր միայն աշխատել: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա այս մարդիկ չեն ուզում ո՛չ հարկային պարտավորություններ կատարել, ո՛չ օրենքով նախատեսված տուրք վճարել»,–նշեց նա: Ըստ Մելքոնյանի՝ այդ ընկերություններն այստեղից–այնտեղից ուղևոր էին հավաքում, տեղափոխում Ռուսաստան, հետո այնտեղ էլ ինչ–որ տեղերից ուղևոր հավաքում ու տեղափոխում Հայաստան. «Ո՞ւր մնացին ուղևոոչ մի բան չկա»: Դիտարկմանը, թե հավաքվածները բողոքում են, որ նախագիծն իրենց հետ չի քննարկվել՝ դուք եք այս օրենքի հեղինակը, ձեզ են մեղադրում, Մելքոնյանը նշեց, թե օրենք գրելը մեկ բան է, ընդունելը՝ մեկ այլ. «Օրենքն ընդունում է Ազգային ժողովը, օրենքին հավանություն է տալիս կառավա­ րությունը»: 

Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը շեշտում էին նաև, որ թույլտվությունը հեշտ չէ ստանալ, քանի օրենքը բոլորի համար հավասար չէ, խտրականություն կա, ուժեղին ու մեծ ընկերություններին տալիս են, իսկ իրենք մտավախություն ունեն, որ կմերժվեն: Սրան ի պատասխան, նախարարության աշխատակիցը պարզաբանեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված է մրցույթ, և այն կազմակերպությունները, որոնք իրենց տրանսպորտային միջոցներով կամ վարորդներով հանդերձ ապահովում են միջպետական ուղևորափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ, կստանան այդ թույլտվությունը: 

«Ին՞չ է նշանակում՝ որոշ ընկերությունների համար մատչելի է, որոշների համար՝ ոչ: Եթե իմ մեքենան լավը չի, ինձ համար պետք է լինի ոչ մատչելի, եթե մյուսինը լավն է, նրա համար կլինի մատչելի: Ի՞նչ է նշանակում՝ ես փոքր ընկերություն եմ, իմ մեքենան պետք է լավը չլինի՞, ուղևորը այստեղից մինչև Մոսկվա տանջվի՞: Ուղևորներին հարցրեք, հասկանանք՝ նրանք ինչ են ուզում: Նրանք ուզում են կոմֆորտ, նորմալ, անվտանգ երթևեկություն: Ի՞նչ է նշանակում՝ ես փոքր ընկերություն եմ, իմ մեքենան կարող է լավը չլինել»,–ասաց Մելքոնյանը: Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց ընկերությունների ղեկավարների հետ քննարկումները շարունակվելու են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին