Կարևոր իրադարձություններ

«Երևանյան իրականությունն Արցախի վրա արտապատկերելու փորձը սխալ է». «Փաստ»

05 Հունիս, 2018 08:13
«Երևանյան իրականությունն Արցախի վրա արտապատկերելու փորձը սխալ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, քաղաքագետ Էդգար Էլբակյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծեց, որ իշխանությունների մոտեցումը կառուցողական է՝ պատրաստ են բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ բանակցել, քննարկել ու փոխզիջումների գալ։

«Ովքեր այդքան էլ տեղյակ չեն Արցախի քաղաքական համակարգին, ինչու ոչ՝ նաև սոցիալ–հոգեբանական իրողություններին, հնչեցնում են գնահատականներ, թե սա ՀՀ– ում տեղի ունեցած իշխանափոխության արտահանումն է Արցախ։ Բայց նման պնդումներ անելու քաղաքագիտական ոչ մի ռեալ հիմք չկա։ Այսօր էլ կան որոշ անձինք (ոչ ուժեր), որ փորձում են կրկնօրինակել ՀՀ–ում տեղի ունեցած իրադարձությունները։ Բայց հարթակում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քաղաքացիական որևէ ուժ ներկայացված չէ։ Բացառություն է Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որի նախագահ Հայկ Խանումյանը բողոքավորների ու իշխանության ներկայացուցիչների միջև միջնորդի դեր կատարեց»,– ասաց Է. Էլբակյանը։ Նա նշեց՝ Արցախում ինքնակազմակերպման նույն հայտնի տեխնոլոգիաներն են կիրառվում, ինչ Երևանում և առհասարակ աշխարհի այլ վայրերում։ Էդգար Էլբակյանի կարծիքով, սակայն, ՀՀ–ում կատարվածի և Արցախում առկա իրադարձությունների առումով երկու կարևոր տարբերություն կա. «ՀՀ նախկին իշխանությունների և Արցախի ներկայիս իշխանությունների լեգիտիմու­ թյան ու ժողովրդականության մակարդակը շատ տարբեր է։ Բացի այդ՝ Երևանում ամեն ինչ սկսվեց «Մերժիր Սերժին» կարգախոսով, այստեղ՝ «պետական ծառայողները ծեծել են մեր ընկերներին, պատժե՛ք»։ Հետո շեմը բարձրացավ՝ «պահանջում ենք հրաման տվողների, մեծամեծերի հրաժարականը»։ Երկու սկզբունքային տարբերություն՝ լեգիտիմության աստիճան ու պահանջի բո­ վանդակություն։ Երևանյան իրականությունն Արցախի վրա արտապատկերելու փորձը սխալ է և ոչ կոմպետենտ»։

Ինչ վերաբերում է «դեմոկրատիա՞, թե՞ անվտանգություն», «ազատություննե՞ր, թե՞ անվտանգություն» երկվությանը, Էլբակյանը նշեց. «Ես դա անվանում եմ կեղծ երկվություն։ Միգուցե ոմանց համար դանդաղ, իսկ ոմանց համար՝ նորմալ տեմպերով, բայց այս տարիներին Արցախում տեղի է ունեցել ընդհանուր համակարգի դեմոկրատացում, բարելավում, ազատությունների ապահովում։ Այս փաստն ակնհայտ է հենց այսօր տեղի ունեցող դեպքերով։ Մարդիկ գրկի երեխաների հետ են դուրս գալիս ցույցի վայր։ Սա նշանակում է կատարյալ վստահություն համակարգի հանդեպ։ Եթե Արցախը ոմանց ներկայացրածով լիներ բռնապետություն, ոստիկանապետություն, ԱԱԾ տեռոր լիներ, ոչ ոք երեխայի հետ փողոց դուրս չէր գա։ Ես անվտանգության ու ազատությունների մեջ հակասություն չեմ տեսնում, բայց կա մի սահման, երբ այդ երկուսը տեսականորեն կարող են բախվել։ Եվ այո՛, եթե խոսքը ուժային կառույցների մասին է, պետք է հասկանալ, որ այդ կառույցները ողջ Հայաստանում, և, մասնավորապես, Արցախում, մեր ինքնիշխանության երաշխավորներից են։ Պետք է օբյեկտիվ ու կառուցողական դժգոհությունը հստակ տարանջատել համակարգը քանդելուց։ Ոչ ոք չի հերքում, որ ժողովուրդը հավաքների և այլ ազատությունների իրավունք ունի։ Բայց կա սահման և չի կարելի իշխանություններին վախեցնել՝ ատրճանակը քունքին դնելով։ Իշխանություններին հասարակական վերահսկողության ներքո պահելը լավ բան է, դրանից նրանք ավելի որակյալ են դառնում, բայց ատրճանակը քունքին դնել չի կարելի, քանզի այն կարող է պատահմամբ կրակել»։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին