Կարևոր իրադարձություններ

«ՀՀ վարչապետի խոսքը կարող է անուղղելի վնաս հասցնել Արցախի պետական անվտանգությանը». Կարեն Օհանջանյան

04 Հունիս, 2018 23:06
«ՀՀ վարչապետի խոսքը կարող է անուղղելի վնաս հասցնել Արցախի պետական անվտանգությանը». Կարեն Օհանջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադարձել էրԱրցախում այս օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին: 168.am-ը հարց է ուղղել դոկտոր, պրոֆեսոր, Խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող, Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանին:

– Պարոն Օհանջանյան, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց արցախյան իրադարձությունները: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը նրա խոսքի նկատմամբ:

– Հենց նոր ուշադիր լսեցի Հայաստանի վարչապետի կոչը և մեծ ափսոսանքով պետք է փաստեմ, որ նա կամ բավարար չափով ինֆորմացված չէ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, կամ էլ նրան սխալ ինֆորմացիա են հրամցնում Արցախում իրավիճակի ապակայունացման շարունակությամբ շահագրգիռ կառույցները:

Նրա ելույթի մեջ նկատվում է իբր իրենց պաշտոնեական լիազորությունները գերազանցած ուժային կառույցներին մեղադրելու թելը, չնայած իրականում հենց Արցախի հատուկ ջոկատայինների ներկայացուցիչներն են դարձել այդ միջադեպի զոհը:

Հայաստանի կառավարության ղեկավարը իր ելույթով փաստորեն ցուցում է տալիս, թե ինչպես պետք է ընթանա տվյալ միջադեպի քննությունը, ավելին, մի կողմից ցուցարարներին կոչ անելով հանգստություն պահպանել, իսկ մյուս կողմից, նրա ձեռքը քարտ-բլանշ տալով հասարակական կարգը խաթարող ապագա հակաիրավական գործողությունների համար:

Բայց իմ կարծիքով վարչապետի ելույթի մեջ ամենավտանգավորը Արցախի և ողջ հայ ժողովրդի անվտանգության պահպանումն ապահովելուն կոչված բոլոր ուժային կառույցների վրա նրա բարոյալքող ազդեցությունն է:

Այն, որ Արցախում կոռուպցիայի, սոցիալական անարդարության ու շատ մարդկանց անպատժելիության հետ կապված լուրջ խնդիրներ կան, փաստ է և չի քննարկվում. այդ հարցը մեր հասարակության օրակարգում է: Եվ մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք հավասարության ու արդարության սկզբունքների վրա հիմնված ծաղկուն պետություն կառուցելու նպատակով Արցախի բոլոր քաղաքացիների հավասար մասնակցությունն ապահովելու համար: Այդպիսի պետություն հնարավոր է ստեղծել հասարակության մեջ ներդաշնակության հասնելու պայմաններում:

Եվ Հայաստանի ցանկացած ղեկավարի պարտքը Արցախում խաղաղություն և հանգստություն ապահովելն է ու ամեն ինչ անելը քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ամրապնդման համար:

Ցավոք, Նիկոլ Փաշինյանի ելույթը ինձ ու ու ինձ նման շատերի կողմից ընկալվեց որպես այդ մղումներից շատ հեռու խոսք… Եվ ես կրկնում եմ, Հայաստանի վարչապետի խոսքը կարող է անուղղելի վնաս հասցնել Արցախի Հանրապետության պետական անվտանգությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին