Կարևոր իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայության ղեկավարության ու անձնակազմի հետ (տեսանյութ)

04 Հունիս, 2018 22:00
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայության ղեկավարության ու անձնակազմի հետ (տեսանյութ)

Հունիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:

Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:

Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվեց ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարևորությունը, նաև մատնանշվեցին կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ:

 

Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար:

Օպերլիազորներին ցուցումներ տրվեց առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարևորվեց նաև բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների, այլև նախկինում դատապարտված անձանց շրջանում:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին: 
Վալերիյ Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը և այդ ուղղությամբ նրանց ծառայությանը:

Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշաններով:

 

Լրահոս

Դիտել ավելին