Կարևոր իրադարձություններ

Ինչու Էրդողանը տապալեց քրդական հարցի լուծումն ու թույլ տվեց ռազմական հեղաշրջման փորձ․ Սևան Նշանյանի անդրադարձը

04 Հունիս, 2018 21:51
Ինչու Էրդողանը տապալեց քրդական հարցի լուծումն ու թույլ տվեց ռազմական հեղաշրջման փորձ․ Սևան Նշանյանի անդրադարձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սուլթանությունն» ավարտվել է դեռևս 2013 թվականի դեկտեմբերին, երբ որոշ ուժերի դրդմամբ բացահայտվեցին կոռուպցիոն սխեմաները, ուր թաթախված էին նաև ինքն ու իր որդին։ Նման կարծիք է հայտնել պոլսահայ հայտնի մտավորական, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանն, ով անցյալ տարի փախուստ կատարեց թուրքական բանտից ու հաստատվեց Հունաստանի Սամոս կղզում։

Ֆեյսբուքյան իր էջում Նշանյանը, մեկնաբանելով Թուրքիայում վերջին 5 տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, պնդել է, որ Էրդողանի հետագա մի շարք քայլեր՝ այդ թվում և հեղաշրջման փորձի բեմականացումը կամ դրա դիտավորյալ չկանխումը արդյունք են հենց կոռուպցիոն այդ սկանդալի, որով, ըստ Նշանյանի, ազգայնական ուժերը կարողացան շանտաժի ենթարկել Էրդողանին։

«Այդ ժամանակ նա կարող էր զանգվածայնորեն ուժ կիրառելով մնալ իր դիրքում։ Սակայն նման ուժ նա չուներ։ Բանակը նրան հավատարիմ չէր և երբեք չի էլ եղել։ Նա չէր կարող զինվորականությանն ու ոստիկանությանը «Կրակի՛ր» հրամանը տալ։ Եթե նրանք (նկատի ունի ներքին ազգայնական ուժերին) թողնեին՝ Էրդողանը կընկներ։ Սակայն նրանց ձեռնտու չէր դա այդ ժամանակ։ Նա կարող էր նրանց գործին ծառայող գործիք դառնալ։ Բացի այդ՝ եթե այդ շրջանում Էրդողանն ընկներ՝ մեծ գլխացավանքներ կարող էր առաջացնել։ Լիբիայի, Իրաքի ու Սիրիայի օրինակները դեռ թարմ էին», - գրում է Նշանյանը՝ նշելով, որ իր ենթադրությամբ հենց այդ ժամանակ Էրդողանին որոշակի պայմաններ առաջադրվեցին, ինչի հետևանքով էլ նա ստիպված եղավ հետ կանգնել իր բազմաթիվ ծրագրերից, այդ թվում՝ քրդական հարցի լուծումից։

«Ըստ իս՝ երեք պայման են դրել։ «Էրգենեկոն» ազգայնական ներքին կառույցի դատավարություններին վերջ էր դրվելու։ Երկրորդը՝ քրդական հարցի հետ կապված բաց քաղաքականությանը վերջ էր դրվելու։ Երրորդը՝ հիմք  է նախապատրաստվելու բանակի ներսում գյուլենական գոյացությունների լուծարման համար», - շարունակում է Նշանյանը։

Նրա կարծիքով՝ Էրդողանն այս երեք պայմաններն էլ հրաշալի կերպով կատարեց։

«Էրգենեկոնականներն անհապաղ ազատ արձակվեցին, քրդական հարցի խաղաղ լուծումը 2014-ի տեղական ինքնակառավարման ընտրություններով ետ մղվեց, իսկ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններով դրան ուղղակի վերջակետ դրվեց։ Դե իսկ գյուլենականներին բանակից մաքրեցին 2016-ի հեղաշրջման փորձի շքեղ գործողությամբ։ Այդ օրը Էրդողանն ուր էր և ում ձեռքում էր՝ անշուշտ, մի օր կպատմվի», - գրել է Նշանյանը։

Ըստ հայ մտավորականի՝ Էրդողանը գնաց նման քայլի հասկանալով,որ հակառակ դեպքում բազմաթիվ խնդիրների համար ստիպված է լինելու պատասխան տալ ինքն ու իր ընտանիքը

 

Լրահոս

Դիտել ավելին