Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը. «Քեթրին գրուպը»՝ «Պորշ Կայեն»-ների մասին

04 Հունիս, 2018 15:34
Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը. «Քեթրին գրուպը»՝ «Պորշ Կայեն»-ների մասին

Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Քեթրին Գրուպ» (սեփականատերերից է ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը) ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն:

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

Իսկ այժմ իրականությունը․ ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» եւ «Ֆրուտիմեքս» ընկերություններին՝ թե արդյո՞ք նրանց ենթակայության տակ հաշվառված են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։

Ի պատասխան նշյալ հարցմանը՝ «ՖրուտիՄէքս» ընկերությանը պատկանող  «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան ներկայացվել է զննության, իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են ընկերությունում հաշվառված «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի խափանված ավտոմեքենայի գտնվելու վայրը։

Ընդամենն այսքանը։ Մինչդեռ տարածված հայտարարությունը, կարծես, ամբոջովին այլ ենթատեքստով է ներկայացված։ Տպավորություն է, թե փորձ է արվում շրջանառության մեջ ապատեղեկատվություն դնել։

Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ: Եվ վերջապես, խախտելով անմեղության կանխավարկածը, ՔԿ-ն հայտարարում է, թե վերը նշված ավտոմեքենաներում գտվել են Կ. Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Ավելին, նման հայտարարությամբ հանդես գալու համար մինչ օրս ներկայացված չէ մեղավարությունը ապացուցող եւ ոչ մի փաստ:

Ուստի պահանջում ենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու պարագայում ներկայացնել փաստերն ամբողջությամբ` հանրությանը ընտրողաբար չներկայացնելով այն, ինչը նպատակահարմար է գտնում քննչական մարմինը»:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք  Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված  բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երեւան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաեւ՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարանիշերը, պարզվել, որ դրանցից մեկը գտնվում է «ՖրուտիՄէքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ մյուսը «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվել են նաեւ խուզարկություններ։

Քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Խոսքը Միհրան Պողոսյանի օգնական Իսոյանի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին