Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան համալսարանի դեկանն Արսեն Թորոսյանին կտրամադրի Ամուլսարի՝ բնակչության առողջության վրա ազդեցության մասին տվյալները

04 Հունիս, 2018 15:27
Ամերիկյան համալսարանի դեկանն Արսեն Թորոսյանին կտրամադրի Ամուլսարի՝ բնակչության առողջության վրա ազդեցության մասին տվյալները

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը  հանդիպել են  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:     

Քննարկվել են հետագա ծրագրերն ակտիվացնելու, առողջապահական համակարգին անհրաժեշտ լուծումներ գտնելու ու մարզերում առկա կադրային խնդիրներին ուղղորդված մոտեցում ցուցաբերելու հարցեր:

Թրփանճեան  գյուղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրն ունի մի քանի ուղղություն: Մասնավորապես, աջակցում է բժիշկ շրջանավարտներին եւ ոլորտի փորձառու մասնագետներին՝ համայնքներում բացելու եւ գործարկելու մասնավոր, անհատական կաբինետ-կենտրոններ՝ օգնելով ցածր տոկոսադրույքով վարկերի դիմելու հարցում:

Արմենյանի փոխանցմամբ՝  իրենց օժանդակությամբ 11 տարվա ընթացքում շուրջ 350 բիզնես է ստեղծվել Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում: «Կարող ենք եւ պատրաստ ենք ծրագիրը երկարաձգել եւս մի քանի տարով՝  բարելավելու առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը գյուղական տարածքներում»,-ասել է Հարություն Արմենյանը:

Ծրագրի շրջանակներում նաեւ վերապատրաստվում են բժիշկներն ու բուժքույրերը, մասնակցում ձեռնարկատիրությանն առնչվող դասընթացների:

Նկատի ունենալով մարզերում անհրաժեշտ կադրերի պակասն ու բուժհաստատությունների հեռավորությունը հատկապես գյուղական շրջաններից՝ Հարություն Արմենյանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ մասնակցություն եւ ներդրում ունենալու այս առումով իրականացվող փոփոխություններին:

Նախարար Թորոսյանը կարեւորել է ծրագրային ուղղություններն ու ընդգծել, որ դրանցով շեշտադրվող մի շարք նպատակների իրականացումն, իրոք, շատ կարեւոր է: Այս պարագայում անհրաժեշտ է առավել ուղղորդված դարձնել ջանքերն ու քայլերը: Թորոսյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցերում:

«Շատ կարեւոր է մոտիվացնել երիտասարդներին՝ գնալ աշխատելու մարզերում՝ անհատապես կամ խմբերով ներգրավելով նրանց բիզնես նախագծերում: Այս առումով քաղաքականության մշակման հարցում կարեւորում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Թորոսյանը:

Հանդիպման ժամանակ շեշտվել է նաեւ մարզանքը գյուղական բնակավայրերում կենսակերպ դարձնելու կարեւորությունը, հանքերի, մասնավորապես, Ամուլսարի շահագործման ազդեցությունը հարակից շրջանների բնակչության առողջության վրա: Վերջին հարցի մասով Վարդուհի Պետրոսյանը  պատրաստակամություն է հայտնել նախարարին տրամադրել որոշ հետազոտությունների արդյունքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին