Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ. նախաձեռնողների հետ տեղում քննարկում է եղել

03 Հունիս, 2018 20:40
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ. նախաձեռնողների հետ տեղում քննարկում է եղել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ժամանել է ցուցարարների մոտ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  պետնախարարը նախ ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր:

Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ:

«Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ առկա դժգոհությունները իմ համոզմամբ միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  բողոքի ակցիայի հեղինակների հետ տեղում Ա. Հարությունյանն առանձին քննարկել է հիմնական պահանջները՝ նախօրեին  տեղի  ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին պատժելու և ուժային մի շարք կառույցների ղեկավարների ու առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականի հարցերը:

Պետնախարարը նշել է, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, առանց բացառության, արդեն կալանավորված են, իսկ ուժային կառույցներում պաշտոնանկությունների պահանջը պատրաստ են հանրապետության նախագահի մոտ քննարկելու և բավարար լուծումներ գտնելու:

Որոշվել է նախաձեռնող խմբից 5-6 հոգանոց պատվիրակություն կազմել և մինչև օրվա վերջ հանդիպումը շարունակել  նախագահ Բակո  Սահակյանի մոտ:

Նշենք, որ ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը և սպասում են նախագահի հետ հանդիպման արդյունքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին