Կարևոր իրադարձություններ

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ

02 Հունիս, 2018 19:18
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ

Հարավչինական ծովի կղզիներում սպառազինության տեղակայման գործողությունների վերաբերյալ ցանկացած քննադատություն Չինաստանը համարում է միջամտություն իր ներքին գործերին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի Ռազմական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Հե Լեյը՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի խոսքերը: Վերջինս Չինաստանին մեղադրել էր Հարավչինական ծովում միջազգային նորմերը խախտելու մեջ: Նրա խոսքով՝ վիճելի կղզիներում սպառազինության տեղակայումն ուղղակիորեն կապված է ռազմական նպատակների հետ: Մեթիսը Պեկինին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին:

«Զորքերի կամ սպառազինման տեղակայումը մեր կղզիներում և Հարավչինական ծովի խութերում տեղի է ունենում մեր ինքնիշխան իրավունքների շրջանակներում, դա թույլատրվում է միջազգային օրենսդրությամբ», - հայտարարել է Հե Լեյը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության եթերում:

Չինաստանը տարածաշրջանի մի շարք երկրների՝ Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ տարաձայնություններ ունի՝ կապված Հարավչինական և Արևելաչինական ծովերում գտնվող կղզիների պատկանելիության հարցում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է այնտեղ արհեստական կղզիներ կառուցելու և դրանք ռազմական օբյեկտների վերածելու մեջ: Չինաստանն, իր հերթին, հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ իր տարածքում ցանկացած գործողություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին