Կարևոր իրադարձություններ

Հանրությունը իշխանության իրական կրողն է և չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

02 Հունիս, 2018 17:59
Հանրությունը իշխանության իրական կրողն է և չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին, տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի  ծառայությունը։ 

Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝ Հայաստանը իրավական պետություն է, և այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն: «Հանրությունը իշխանության իրական կրողն է և չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից.  նա  պետք է լինի այդ գործընթացի հիմնական ուղղորդողն ու պահանջատերը»,- ասել է նախարարը: 

Սուրեն Պապիկյանը կրկին կարևորելով ՏԻՄ-ի ժողովրդավարացման հրամայականը՝ շեշտել է, որ գործընթացում համայնքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները պետք է գործեն բացառապես  ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում։  

Նախարարը մարզային պաշտոնյաներին է ներկայացրել ՏԿԶՆ-ի կողմից մշակվող նոր առցանց տեղեկատվական հարթակի գաղափարը, որը, ներառելով համայնքների գույքային ռեսուրսի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, բացառելու է այդ գույքի ապօրինի օտարումը և նպաստելու է ներդրումների իրականացմանը:

 Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու կարևորությունը և նշել, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու պետք է կարողանանք ներկայացնել գործնական առաջարկների փաթեթ։ 

Եվս մեկ անգամ շնորհավորելով Իշխան Սաղաթելյանին և շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայության համար՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ ներկա յուրաքանչուր պաշտոնյա հասկանում է երկրի ու մարզի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է նվիրվել նոր հայրենիքի, նոր Հայաստանի կերտման գործին: 

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Գեղարքունիքի մարզի ղեկավարումը իրեն վստահելու համար և վստահեցրել, որ ունի անհրաժեշտ վճռականություն և կամք՝ լուծելու մարզի առջև կուտակված բոլոր խնդիրները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին