Կարևոր իրադարձություններ

«Եթե Հանրապետականը պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք է որքան հնարավոր է շուտ անի». «Փաստ»

02 Հունիս, 2018 09:38
«Եթե Հանրապետականը պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք է որքան հնարավոր է շուտ անի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցապ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով, իրականում լավը կամ վատը բացարձակ արժեքներ չեն կարող լինել: Եվ ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել՝ հասկանալու համար, թե իրականում ինչն է լավ կամ ինչը՝ վատ: «Անձամբ իմ մոտ ու նաև իմ բոլոր այն կուսակից գործընկերների մոտ, ում հետ շփվում եմ, որևէ ռևանշիստական տրամադրություններ կամ նեղվածության զգացում­ ներ չկան: Խնդիրը իշխանություն լինել–չլինելու կամ որևէ պաշտոն ունենալ–չունենալու մասին չէ»,–ասաց Հ. Սահակյանը: ՀՀԿ–ական Սահակյանը, կուսակցական լինելով, տեսել է և՛ լավ, և՛ դժվար օրեր, իր ուսերին տարել է նաև բավականին բարձր պատասխանատվություն ենթադրող բեռի ծանրությունը: Եվ այդուամենայնիվ, նույնիսկ ՀՀԿ–ի «վերելքի» տարիներին նա կարողացել  է զսպվածություն ցուցաբերել և հիմնականում ձգտել է չհատել պարկեշտության սահմանը: «Լինելով ՀՀԿ–ի առաջնագծում՝ սահմանադրական բարեփոխումների, «ԱԺ կանոնակարգ» օրենքի, «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ողջ գործընթացը բոլորի աչքի առջև ուսերիս վրա տարել եմ, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակում այդքան էլ հարմար դիրք չունենալու պատճառով չդարձա պատգամավոր: Բայց երբեք էլ իմ կուսակիցներից չեմ նեղացել: Քաղաքականության մեջ խնդիրը ոչ թե պատգամավոր լինել–չլինելն է կամ պաշտոն ունենալ–չունենալու պատճառով նեղված լինելը, այլ երկրի շահը: Հիմա մենք ապրում ենք մի հետաքրքիր ժամանակահատվածում, որի արդյունքում կա՛մ ունենալու ենք դրական շատ մեծ առաջընթաց, կա՛մ այնպիսի իրավիճակ, որը մեծ հիասթափություն կառաջացնի»,–ասաց Հ. Սահակյանը: ՀՀԿ–ականի կարծիքով, անցած 30 տարիների ընթացքում առաջին անգամ է ժողովրդական զարթոնքը մեծ փոփոխությունների պատճառ դարձել: Եվ հիմա, երբ կա դեմքերի, տրամադրությունների փոփոխություն, այդ ամենը պետք է այնքան զգույշ անել, որ­ պեսզի երբեք թացն ու չորն իրար չխառնվեն: «Այն սիրո և համերաշխության հեղափոխությունը, որից հետո վենդետաներ չպետք է լինեին, մշտապես պետք է տեսանելի լինի: Եվ մարդուն միշտ պետք է ուղղվելու, սխալը շտկելու հնարավորություն տալ: Իշխողի, ղեկավարողի դիրքերից հանդես եկողը միշտ պետք է իր «հակառակորդին» անգիտակցաբար կատարած սխալն ուղղելու հնարավորություն տա»,–ասաց Հ. Սահակյանը: Հրաժարվելով Մասիսի քաղաքապետի, տեղակալի և մյուս ձերբակալվածների մասով որևէ գնահատական հնչեցնել՝ նշեց միայն, որ իրավապահները գնահատականներ կտան կատարվածին: Բայց, որ ներկայում և՛ իրավական, և՛ դատական համակարգերում պրոցեսներ են ընթանում, երբ ամեն ինչ ընթանում է արդար, առանց որևէ միջնորդությունների կամ ուղղորդելու՝ միանշանակ է: «Սա էլ մի փորձության շրջան է, ապագան ցույց կտա, թե ինչն ինչպես եղավ»,–ասաց Հ. Սահակյանը: Խոսելով ՀՀԿ–ի ներսում տեղի ունեցող խմորումների մասին՝ նա նշեց, որ ինքն առանձնապես շատ մանրամասների չի տիրապետում, բայց կարծում է, որ եթե ՀՀԿ–ն պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք էր վաղուց անել: «Ես որևէ մեկի մասին վատ բան չեմ ուզում ասել, քանի որ մենք բոլորս միասին ճանապարհ ենք անցել, բայց եթե Հանրապետականը պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք է որքան հնարավոր է շուտ անի: Միգուցե մենք այն ժամանակ չկարողացանք դա անել, բայց գուցե այս համաժողովրդական շարժումը օգնի այն իրականացնել: Եվ եթե կան մարդիկ, ովքեր հանրապետականը դիտարկել են որպես իրենց գործունեության «անձրևանոց», ապա հիմա, երբ հանրապետականն իշխանության մեջ չէ, կարող են դուրս գալ կուսակցությունից: Ավելի լավ կլինի, որ քիչ քանակով շարունակենք մեր ճանապարհը, դա, կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլինի: Այդ դեպքում էլ մենք շատ ավելի շատ ասելիք կունենանք մեր ժողովրդին, կկարողանանք նոր մոտեցումների, տեսակետների մասին խոսել: Լավ կլինի, որ այս շարժումը նաև իր դրական ազդեցությունն ունենա մեր շարքերը ինքնամաքրելու պրոցեսի վրա, բայց որ դա պետք է օր առաջ իրականացնել՝ միանշանակ է: Ի դեպ, համաշխարհային փորձը նաև վկայում է այն մասին, որ բոլոր, նույնիսկ զարգացած երկրներում շատերն են ձգտում իշխանական ուժին մոտ լինել: Եվ դա նորմալ է: Եվ եթե հեղափոխության ժամանակ հնչեցված բոլոր կոչերը կյանքի կոչվեն, ապա արդեն կարևոր չի լինի, թե կուսակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն: Այդ ժամանակ առողջ քննարկումների և բանակցությունների ձևաչափում հնարավոր կլինի հասնել սեփական ծրագրերի իրագործմանը»,–ասաց Հ. Սահակյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին