Կարևոր իրադարձություններ

Տնտեսագետ. «Հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան, անլուրջ խոսակցություններ եմ համարում». «Փաստ»

02 Հունիս, 2018 09:32
Տնտեսագետ. «Հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան, անլուրջ խոսակցություններ եմ համարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ–ն նախորդ շաբաթ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացող բացահայտումներ կատարեց: Դրանից հետո հանրության շրջանում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե այդ Ա/Ձ–ների լուծարմանը կհետևի գյուղմթերքի թանկացում՝ ընդհուպ մինչև 30–50%: Խոսվում էր նաև երկրորդ սցենարի մասին, որի համաձայն գյուղացիներից ապրանքները կվերցվեն շատ ցածր արժեքով: Իրականում ի՞նչ սպասել և արդյո՞ք այս սցենարների զարգացումն անխուսափելի է: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

Կտրուկ թանկացումների կամ գյուղացիներից բավական ցածր արժեքով մթերք ձեռքբերելու վտանգ տեսնո՞ւմ եք

– Այո, այդպիսի ռիսկեր կան և միշտ էլ կարող են լինել: Բայց պետք է տեսնել, թե այդ անհատ–ձեռներեցները «առաջին ձեռքից» գնորդնե՞ր են, թե՞ միջնորդների միջոցով է ամեն ինչ կատարվել: Քանի միջնորդ օղակ է եղել, և այդ միջնորդներն իրենց հերթին որքանով են թանկացրել ապրանքը: Երբ այս շղթաները բացվեն, գյուղացին հնարավորություն կունենա անմիջականորեն վաճառել իր ապրանքը: Սա շատ կարևոր ու բավական հին խնդիր է: Գյուղատնտեսական շուկաներում առևտուր անող միջնորդներն իրենց մարքեթինգային խողովակներն օգտագործելով՝ այսպիսի հարցեր են առաջ բերել: Սա ևս պետք է ուսումնասիրվի: Այդտեղ գնաճը զսպելու լրացուցիչ հնարավորություններ կան: Տեսեք՝ խնդիրն ինչն է: «Երևան սիթի»–ի ցանցը մոնոպոլ գնորդ է՝ մոնապսոնիստ է, ում կողմից պայմանավորված գներ են դրվել: Այդ գներն ավելի բարձր են, քան՝ գյուղատնտեսական շուկաներում: Հետևաբար, այս մենաշնորհները կարգավորելը, դրանց շուկայական մրցակցության դաշտ բերելը գները զսպող երկրորդ գործոնն է: Որոշ սուպերմարկետների տերերի հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան ու դա կուղղվի կառավարու­ թյան դեմ, անլուրջ խոսակցություններ եմ համարում: Իրենք պետք է մտածեն իրենց խնդիրների մասին, տասնյակ միլիարդներով չվճարված հարկերի մասին, 189–րդ հոդվածի մասին: Քրեական օրենսգրքի 205– րդ հոդվածն էլ պետք է կիրառվի: Խոսքը վերաբերում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Երբ գործարար մարդկանց ասում էին, թե վենդետա ու հետապնդումներ չեն լինելու, թող իրենց չկատարած պարտավորությունները կատարեն ու հանգիստ քնեն, հենց այնպես չէր ասվում:

Ամեն դեպքում եթե ԱՁ–ները լուծարում են և 2% հարկը դառնում է 20%, գյուղմթերքի գները չպիտի՞ բարձրանան:

– Դա մեխանիկական գնահատական է: Գները, համենայն դեպս, չեն բարձրանա 18%–ով: Հնարավոր է՝ որոշակի աճ լինի, բայց շուկայական սելեկտիվ, մրցակցային մեխանիզմը գները կբերի նորմալ ծախսերի ու շահույթների տիրույթ:

Միակ լուծումը շուկայական հարաբերությունների ինքնակարգավորո՞ւմն է:

–Այո՛, շուկաներն իրենք հավասարակշռում են գները: Գյուղատնտեսական մթերքի շուկաները մասսայական ապրանքների շուկաներ են: Այդտեղ որևէ մեկը արդեն չի կարող գին թելադրել: Իսկ այս իրավիճակում, երբ մոնոպոլ գնորդներ են աշխատել, միջնորդներ են եղել, այո՛, գներն արհեստականորեն բարձրացրել են գերշահույթ ունենալու նպատակով: Հիմա դա չի լինելու: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին