Կարևոր իրադարձություններ

Գյուղացին դժգոհում է գներից, իսկ մասնագետը՝ Դաշնակցությունից. «Փաստ»

02 Հունիս, 2018 08:47
Գյուղացին դժգոհում է գներից, իսկ մասնագետը՝ Դաշնակցությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արարատյան դաշում հասունացել է ծիրանը, դրա հետ մեկտեղ հասունացել են նաև մթերման հետ կապված կրքերը: Առաջին բերքահավաքին անմիջապես այգեգործների բողոքի ալիքը հաջորդեց: Գյուղացիները դժգոհ են մթերվող ծիրանի ցածր գնից։ Մարզի բազմաթիվ համայնքների բնակիչների մի զգալի մասի համար ծիրանի մշակությունը ապրուստի հիմնական միջոց է համարվում, և հիմա, երբ հողագործը պետք է ստանա իր աշխատանքի արդյունքը, մթերման գինն այնքան ցածր է, որ չի ծածկում նույնիսկ կատարված ծախսերը: Նրանք «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեցին, որ խոշոր արտահանող ընկերությունները ժամ առ ժամ գները նվազեցնում են: Օրեր առաջ գյուղացիներին 1 կգ բարձրորակ ծիրանի համար առաջարկում էին 500–700 դրամ, այսօր արդեն գինը 200–300 դրամի են հասցրել: Այդ գնի հետ, սակայն, գյուղացիները համաձայն չեն։ Մինչդեռ հայտնեցին, որ խոշոր արտահանող ընկերությունները ժամ առ ժամ գները նվազեցնում են: Օրեր առաջ գյուղացիներին 1 կգ բարձրորակ ծիրանի համար առաջարկում էին 500–700 դրամ, այսօր արդեն գինը 200–300 դրամի են հասցրել: Այդ գնի հետ, սակայն, գյուղացիները համաձայն չեն։ Մինչդեռ հայկական ոսկի ծիրանն այս օրերին վաճառքի կետերում ոսկե գին ունի՝ արժեքը սկսվում է 1000 դրամից: «Մեզ ձեռք չի տալիս այդ գնով վաճառելը: Հենց այնպես չենք այդ բերքը ստանում, ծախս ենք վրան կատարել: Մեր ծախսերը պետք է հանենք, որ կարողանանք գոյատևել: Ծիրանի մթերման արժեքը գոնե պետք է 700– 800 դրամ լինի»,– վրդովվեց Արմաշ համայնքի բնակիչը: Այգեզարդցի Գեղամ Մանուկյանը 1–2 օրից ծիրանը կքաղի: Առայժմ չգիտե՝ ինչ­ պես է սպառելու առատ բերքը: Այգեզարդի այգիների 80 տոկոսը ծիրանենիներն են զբաղեցնում: Գյուղացին եկամտի մեծ ակնկալիք ունի, բայց չի կարծում, թե նախատեսած շահույթը կարող է ստանալ: «Արդեն մի քանի տարի շարունակ արտահանողները բերքի գների անկման հիմնական պատճառն են հանդիսանում: Իրենք են որոշում, որ պետք է այսինչ օրը գան և բերքը գնեն, բայց նշանակված ժամկետին չեն ներկայանում: Օրինակ՝ 2 օր չեն գալիս, և գյուղացին մնում է շիվար: Ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, մենք չենք կարող երկար պահել: Մեխանիկորեն գներն ընկնում են»,– ներկայացրեց այգեգործը: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը կարող է գյուղտարին շահույթով փակել, եթե այս օրերին նրան հաջողվի ծիրանի մեկ կիլոգրամը 500–600 դրամով արտահանողին հանձնել: «4–5 տարի առաջ մենք կարող էինք ծիրանը 400–450 դրամով վաճառել, բայց հիմա՝ ոչ, որովհետև մշակությունը թանկացել է: Բուժանյութի, պարարտանյութի գները բարձրացել են: Ծիրանը հավաքելու համար բանվորին գումար ենք տալիս՝ մեկ օրը 5000 դրամ: Եթե 2,5 միլիոն եկամուտ էլ ստանամ, դրա 1,5 միլիոնն է ինձ մնալու, մնացածը՝ ծախսերն եմ փակելու: Ես չեմ կարող այդ գումարով մեկ տարի ընտանիք պահել և որոշակի գումար էլ տնտեսությունը զարգացնելու համար պահել»,–ասաց նա: Գեղամ Մանուկյանը խուսափում է խոշոր մթերող ընկերությունների հետ համագործակցել, նա անհատ ձեռներեցների հետ է առևտուր անում: «Անհատներն ավելի բարձր գնով են բերքը տանում: Ծիրանի արտահանումը մրցակցային դաշտում օլիգոպոլ է՝ գնալով ծիրան արտահանողների թիվն ավելանում է, բայց նույնքան էլ արագ գներն ընկնում: Ռուսաստանում հայկական ծիրանի վաճառքը սկսվում է 200 ռուբլուց, իջնում մինչև 50–ի»,–նշեց նա: Արտաշատի տարածաշրջանում ծիրանը ոսկեգույն կդառնա մի քանի օրից: Արևշատ համայնքի բնակիչներն արդեն գլխիկոր են: Լսել են՝ Սուրենավանում արտահանողը ծիրանի համար 300 դրամ գին է առաջարկում: Նրանք մտավախություն ունեն՝ մինչև հերթն իրենց հասնի, մթերման արժեքը ջրի գին կդառնա: Որպեսզի արտադրողն ու արտահանողը գոհ մնան՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ պետք է նրանք գործընկերներ դառնան: Մեկը գերշահույթ չստանա, մյուսը՝ սննկանա: Դրա համար, ըստ մասնագետի, շատ բան պետք չէ: Առաջին հերթին պետք է քաղաքական կամք ունենալ և օրենսդրական դաշտ կարգավորել, որպեսզի այս կամ այն բերքի մթերման ժամանակ աժիոտաժ չառաջանա:

«Գյուղացի կա՝ միայն ծիրանի այգու բերքով է ապրում: Միայն օրենսդրական դաշտում թերություններ ունենք, եթե շտկենք, խնդիրները կլուծվեն և ամեն տարի այդ վի­ ճակը չի լինի: Ինչի՞ այլ երկրներում նման խնդիրների հողագործը չի բախվում: Գյուղացին այսօր պաշտպանված չէ, գին թելադրողը գնորդն է: Արտահանող և վերավաճառող ընկերությունները գերշահույթ են ստանում, բայց պետք է այդպես չլինի: 100 դրամով կարտոֆիլն առնում են, 250–ով վաճառում են: Այս երևույթը պետք է կանխարգելել»,–կարևորեց մասնագետը: Նրա խոսքով՝ հողի սեփականաշնորհումից հետո հողագործը միայնակ է մնացել, իսկ վերջին 10 տարիների ընթացքում գյուղնախարարությունը գյուղացու դեմ է աշխատում: Բերբերյանի կարծիքով՝ նախարարությունում կադրերի լուրջ պակաս կա: Նա նկատեց, որ ոլորտում խնդիրները լուծելու համար պետք է բանիմաց մասնագետներ աշխատեն: Առայժմ այդպիսի մարդկանց կառավարության կազմում չի տեսնում: «Ֆիզիկոսի փոխարեն գյուղնախարարությունում պետք է գյուղատնտես աշխատի, ի վերջո երկիրն առաջ են տանում պրոֆեսիոնալները: Պետք է հմուտ մասնագետներ լինեն, որոնք նեցուկ կլինեն Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում հմուտ մասնագետներ են պետք, դաշնակները սոցիալիստ են, ի՞նչ կապ ունեն գյուղատնտեսության հետ»,– տարակուսեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ՝ այս տարվա ծիրանի բերքը ռեկորդային չէ, այլ՝ կայուն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին