Կարևոր իրադարձություններ

Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում (լուսանկարներ)

01 Հունիս, 2018 22:24
Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում (լուսանկարներ)

Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում են բաց նամակով և շտապ հանդիպում են պահանջում։

Մասնավորապես` ՍԱՍ, Սիթի, Էվրիկա, Ծիրան, Զովք, Պարմա, Կրպակ, Կայզեր, Վաս գրուպ և Դանիելյան սուպերմարկետները: 

Հայտարարությունը մեջ ասվում է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով եւ վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է եւ հիմա պահանջում է եւս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաեւ թե առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին