Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին

01 Հունիս, 2018 21:21
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի լրագրողի սադրիչ ձևակերպումներով հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ:

Իր հարցում ադրբեջանցի լրագրողն օգտագործել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» արտահայտությունը, իսկ Արցախի իշխանություններին անվանել «անօրինական ռեժիմ», ինչը ՌԴ ԱԳՆ պաշտոնյային ստիպել է կոշտ պատասխան տալ լրագրողի հարցին:

Ներկայացնում ենք ադրբեջանցի լրագրողի և Արտյոմ Կոժինի հարցուպատասխանը.

«Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ  են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել է լրագրողը:

Ի պատասխան Արտյոմ Կոժինն ասել է. «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանց բանակցություններին Արցախի մասնակցության անհնար է: ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը բանակցում է իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին