Կարևոր իրադարձություններ

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

01 Հունիս, 2018 20:35
Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ուժի մեջ է մտել հունիսի 1-ին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը ներառում է քաղաքական, առևտրային և այլ բնագավառներին վերաբերող հարցեր՝ շրջակա միջավայրից մինչև գնումների ընթացակարգերը, որոնք արտացոլում են այն փաստը, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունները համապարփակ են, և որ նշանակալի ներուժ կա ընդլայնված համագործակցության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը կոչված է շոշափելի օգուտ բերելու Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա կիրագործվի, օրինակ, ուժեղացնելով համագործակցությունն անվտանգությանն առնչվող հարցերում, բարելավելով ներդրումների համար ստեղծված պայմանները և խթանելով աշխատատեղերի աճը», - նշվում է հաղորդագրության մեջ, որում ասվում է նաև, որ Հայաստանն ու ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսություններ կունենան՝ աշխատելու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ներքին բարեփոխումները, համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ, բանկային, ֆինանսական ծառայությունների ոլորտներում:

Նշվում է, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի կողմից և ներկա պահին պետք է վավերցվի ԵՄ անդամ երկրների կողմից: 

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին