Կարևոր իրադարձություններ

Կրթության նախարարությունը նպատակ ունի զուգահեռաբար լուծել գերատեսչական խնդիրներն ու ռազմավարություն մշակել

01 Հունիս, 2018 20:20
Կրթության նախարարությունը նպատակ ունի զուգահեռաբար լուծել գերատեսչական խնդիրներն ու ռազմավարություն մշակել

Կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում է զուգահեռաբար լուծել գերատեսչության առջև ծառացած խնդիրներն, ինչպես նաև ռազմավարական փոփոխություններ իրականացնել:

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հեղափոխությունից հետո կրթության ոլորտում ունենք մի շարք առաջնահերթություններ, և բարեփոխումներն էլ անչափ կարևոր են: Արդյունավետ կառավարման, երջանիկ պետություն ունենալու համար կրթությունն անչափ կարևոր է: Մեր թիմի նշանակման առաջին իսկ օրից այդ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործողություններ ենք իրականացնում բոլոր ուղղություններով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրները այժմեական են և հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք թույլ չեն տալիս մեզ կենտրոնանալ ռազմավարական փոփոխությունների ուղղությամբ: Կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ կամք ունենք, որ զուգահեռ իրականացնենք թե՛ այսօր մեր առջև ծառացած խնդիրների լուծումները և, թե՛ ռազմավարական խնդիրները: Կրթության մեջ մեր սկզբունքը լինելու է հետևյալը`հանրակրթությունը պետք է հասանելի լինի ոչ թե քչերի, այլ բոլորի համար: Սա աշխարհի մակարդակով լուրջ հրամայական է և այս սկզբունքը մեր թիմի համար շատ հոգեհարազատ է»,- նշեց նախարարը:

 
 
Реклама 07

Նա ըդգծեց, որ նախորդ կառավարության օրոք կրթության ոլորտի գործառույթները և լիազորությունները լիարժեք չէին իրականացվում: Հարությունյանը վստահեցրեց, որ գերատեսչությունն արդեն իսկ ամբողջությամբ վերականգնել է իր լիազորությունները և որևէ մեկը չի կարող ստանձնել դրանք:

«Մանկապարտեզներում, դպրոցներում, միջին մասնագիտական կրթության, գիտության և բոլոր մնացած ուղղություններով շատ մեծ աշխատանք ունենք անելու: Այս կարճ ժամանակահատվածում դպրոցներում վերափոխումներ եղան և այս ճանապարհին մեզ համար առաջնահերթ է դպրոցների և ԲՈւՀ-երի ապաքաղաքականացումը: Չեմ կարող ասել, որ հեղափոխությունից հետո այս երևույթը վերացել է, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի տնօրեններն ու ուսուցիչները դպրոցներում նմանատիպ գործունեություն չծավալեն: Սահմանադրությամբ նրանք ազատ են լինել կուսակցական, բայց այդ հաստատություններում նման քարոզչությունը խստիվ կարգելվի, քանի որ այդ ամենը կրթության որակի վրա զգալիորեն ազդել է»,– շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Եզրափակելով խոսքը` Հարությունյանը հավելեց, որ իրենց կառավարման այս 20 օրերի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին