Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ն բացասաբար է գնահատել Թուրքիայում նախընտրական իրավիճակը

01 Հունիս, 2018 14:40
ԵԽԽՎ-ն բացասաբար է գնահատել Թուրքիայում նախընտրական իրավիճակը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զեկույց է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը։

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, խոսքի ազատության սահմանափակումները, ռազմական գործողություններն ու լրագրողների և քաղաքական գործիչների կալանավորման դեպքերը բացասաբար են ազդում ընտրությունների մթնոլորտի վրա։

Երկօրյա այցով Թուրքիայում գտնվող ԵԽԽՎ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային մեծ ժողովի (TBMM), Գերագույն ընտրական խորհրդի (YSK), Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպել է լրագրողների, մամուլի ներկայացուցիչների, տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։

ԵԽԽՎ-ի զեկույցում արձանագրվել է, որ ընտրություններում առաջադրված կին թեկնածուների թիվը չափազանց փոքր է։ Պատվիրակությունն ընդգծել է անկողմնակալ և ազատ, միջազգային  չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կարևորությունը։ Արձանագրվել է նաև, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի պահանջներին։ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ  կատարված օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն ընտրական գործընթացին կողմնակի միջամտության ռիսկը, կնվազեցնեն ընտրությունների անվտանգությունն և թափանցիկությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին