Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը մեր նամակը սխալ է հասկացել. Դավիթ Պեդանյան. «Փաստ»

25 Մայիս, 2018 08:15
Ճանապարհային ոստիկանությունը մեր նամակը սխալ է հասկացել. Դավիթ Պեդանյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ոստիկանության կողմից փոփոխություններ իրականացվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ: Մի շարք վարչական խախտումներ այլևս ենթակա են ոչ թե տուգանքի, այլ՝ նկատողության: Միաժամանակ առաջարկ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ իրականացնելու համաներում և չեղարկելու 2012–2017 թթ. չվճարված տուգանքների վճարումը: Այս փոփոխությունները ոմանց համար ուրախալի էին, ոմանց համար՝ ոչ: Դժգոհություն արտահայտողների շարքերում նրանք էին, ովքեր մինչ օրս պարտաճանաչ վճարել են իրենց բոլոր տուգանքները, իսկ այսօր՝ տեսնում են, որ կարգազանց վարորդները ազատվում են այդ պատասխանատվությունից: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյա­ նի հետ:

–Գոյություն ունե՞ր փոխզիջումային մի տարբերակ, որի դեպքում բոլորն էլ գոհ ու բավարարված կմնային այս բարեփոխումներից:

–Փոխզիջումային տարբերակ իրականում չկար: Եթե միայն համաներման տեսանկյունից նայենք, մի մասը համաձայն է, իսկ մի մասն էլ ասում է՝ ես պարտաճանաչ մուծող եմ, ինչո՞ւ իմ գումարները հետ չեն վերադարձնում: Այդ համաներումից օգտվելու են նաև այն մարդիկ, ովքեր համաներումից համաներում պարտադիր խախտումներ են անում և հույսները դնում են այդ համաներումների վրա: Համաներման նպատակը հին կոռումպացված համակարգից ազատվելն է, որը օբյեկտիվ չի աշխատել, ու շատ դեպքերում քաղաքացիները տուժել են համակարգի վատ աշխատանքից, տուգանվել այդ պատճառով: Բացի այդ, մարդկանց հնարավորություն է տրվում սկսել նոր էջից: Այս քայլով կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է: Իրենք առաջին քայլն արեցին՝ տուգանքները չեղարկեցին: Դրա դիմաց ակնկալում են վարորդների ընդառաջ քայլ անելը՝ ավելի կարգապահ վարելը: Փոխզիջումային տարբերակ չենք կարող մտածել, բայց համաներում պետք է արվեր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Կարգազանց վարորդները գումար ունեին, ինչպես ուզում, այնպես էին վարում: Այն վարորդները, ովքեր այսպես թե այնպես չէին պատրաստվում տուգանք վճարել, քանի որ իրենց անունով գույք չունեին ու իրենցից հնարավոր չէր ոչինչ գանձել, նույնպես օգտվում էին այս ամենից: Բայց իրենք քանակով ավելի քիչ են, քան այն վարորդները, ովքեր արժանի են այդ համաներմանը: Իսկ այդ դեպքում որոշումը կայացվում է հօգուտ մեծամասնության: 

–Այս փոփոխությունների արդյունքում իսկապե՞ս առաջինից կհետևի երկրորդը: Այսինքն՝ վարորդները կսկսեն ավելի քիչ խախտումներ անել: Ճի՞շտ է այս ձևաչափով առաջնորդվելը: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ կարգազանց վարորդները մեծ դժվարությամբ են ուղղվում:

–Իրականում ոչ, դա հարցի լուծում չէ, բայց այստեղ կոնկրետ խախտումների հետ կապված բարեփոխումները պետք է արված լինեին դեռ մի քանի տարի առաջ, երբ տեսանկարահանող սարքերը ներդրվեցին համակարգում: Այն ժամանակ արդեն պետք է հաշվի առնվեին նվազ նշանակության խախտումները չտուգանելը և այլն: Դա չէր արվել, հիմա շտկվում է այն սխալը, որի «շնորհիվ» տարիներ շարունակ մարդկանցից գումար է գողացվել: Երկրորդը՝ ես էլ եմ համոզված, որ շատ վարորդներ դրանից խրատ չեն ստանա: Դրա համար մենք ՃՈ–ին և արդարադատության նախարարությանը առաջարկել ենք մի շարք փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ համաներումը կարելի է նեկայացնել ամբողջությամբ, բայց դրանից չտուժի կարգապահ վարորդը: Այս դեպքում համաներումը պետական կառույցը ավելորդ բեռից ազատելու քայլ է: Երկրորդային տուգանքների տակ ընկնում են այն վարորդները, ովքեր այս բարեփոխումներից հետո ձևավորված նվազ նշանակության խախտումների հեղինակն են և այսուհետ սկսելու են նկատողություն ստանալ: Շատ հավանական է, որ նրանք այդ խախտումներն այլևս չեն անի: Ինչ վերաբերում է նվազ նշանակության տուգանքներին, ապա դա չի նշանակում, որ չեն տուգանելու: Առաջին անգամ նկատողություն են ստանալու, իսկ երկրորդ կամ երրորդ անգամ կտուգանվեն: Նրանց հնարավորություն է տրվում իրենց սխալն ուղղել ու երկրորդ անգամ նույն բանը չանել: 

–Ահազանգեր կան, որ արդեն այսօր շատ վարորդներ սկսել են թույլ տալ այնպիսի խախտումներ, որոնք տուգանքի ենթակա չեն, բայց վտանգավոր են երթևեկության համար: Խոսքը մեքենայի թարթիչը չմիացնելու մասին է: Սա վտանգավո՞ր չէ:

–Շատ վտանգավոր է: ՃՈ–ը մեր նամակը սխալ է հասկացել: Երբ մենք իրենց առաջարկում էինք ինչ–որ խախտումների համար սահմանել նկատողություն, հետո 3–րդ անգամ նոր տուգանել, մենք թարթիչի մասին ոչինչ չենք ասել: Մենք նշել էինք միայն այն խախտումները, որոնք վթարային հետևանքներ չեն կարող ստեղծել: Օրինակ՝ սխալ կայանման կամ գիծ հատելու խախտումները: Իսկ ՃՈ–ն իր կողմից ավելացրել է ուրիշ կետեր: Բայց թարթիչը չմիացնելը շատ վտանգավոր խախտում է: Երեկ մենք հրավիրված ենք եղել քննարկման, որի ժամանակ այդ հարցերը բարձրաձայնել ենք:

–Համաներվողներն ունե՞ն այն գիտակցությունը, որ դա արվում է հիմա ու հետագային չի վերաբերում:

–Համաներումը բացասական երկու հետևանք ունի: Մարդիկ կան, որ համաներումից համաներում ինչպես ուզում՝ քշում են: Մինչև հիմա համաներումները եղել են վարչական տույժերի մասով, տուգանքի վրա ավելացված գումարի մասով: Եթե համաներումը գլոբալ եղավ, շատ վարորդներ արդեն սպասելու են նոր համաներմանը: Համաներումը պետք է լինի համատարած, սակայն ինչ–որ նախապայմաններով: Դրա համար մենք առաջարկել ենք համաներման որոշակի ֆիլտրեր սահմանել: Համաներել որոշակի պայմաններում: Եթե վարորդն ունի մի քանի խիստ խախտում, համաներման դիմաց պետք է անցնել վարորդական վկայականի վերաքննություն: Եթե ունես խատումներ, որոնց պատճառը կարող է լինել գերհոգնածությունը, ուշադրության պակասը կամ հոգեբանական ֆակտորներ, ապա վարորդը պետք է ուղարկվի հոգեբանի մոտ ռեաբիլիտացիա անցնելու: Պետք է նման նորմեր մտցվեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին