Կարևոր իրադարձություններ

Ձեր հայրերը և պապերը իրենց կյանքն են տվել, որպեսզի դուք կարողանաք արժանապատիվ ապրել մեր հայրենիքում. Մանվել Գրիգորյան

24 Մայիս, 2018 10:05
Ձեր հայրերը և պապերը իրենց կյանքն են տվել, որպեսզի դուք կարողանաք  արժանապատիվ ապրել մեր հայրենիքում. Մանվել Գրիգորյան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ:

Վերջին զանգը հուզումնալից, անմոռանալի արարողություն է շրջանավարտների, նրանց ծնողների, ուսուցիչների համար: Դա այն հուզիչ  իրադարձություններից է, երբ հրաժեշտի տխրությունը շաղախվում է կյանքի նոր փուլ մտնելու ուրախության հետ, երբ մանկության, դպրոցական նվիրական հիշողությունների թախիծը միախառնվում է կյանքի առաջին լուրջ փուլը հաղթահարելու և նոր մեկնարկ սկսելու իրողության հրճվանքին:

Ջերմորեն շնորհավորում եմ այս հանդիսավոր իրադարձության բոլոր հերոսներին՝ ուսուցիչներին , աշակերտներին, ծնողներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:

Թանկագին շրջանավարտներ, եղեք գիտելիքներով հզոր, հոգեպես գեղեցիկ, ապրեք արժանապատվորեն: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի: Անմնացորդ սիրեք մեր հայրենիքը, ձեր ապագան նվիրեք հայրենիքի շենացմանն ու հզորացմանը: Եղեք մեր ժողովրդի պատվախնդիր զավակներ:

Մեր երկրում կրթությունն ու դաստիարակությունը մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօր էլ բազմաթիվ խնդիրներ կան մեր կրթության ոլորտում, որոնք հաջողությամբ հաղթահարվում են մեր մանկավարժների գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ: Նրանց նվիրական աշխատանքի արդյունքը  հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է: Ուստի երախտագիտության և շնորհավորանքի խոսք եմ հղում նաև մեր սիրելի մանկավարժներին:

Առանձնահատուկ շնորհավորանքներս «Պատանի երկրապահ» կառույցի սան շրջանավարտներին, երկրապահների շրջանավարտ զավակներին, ԵԿՄ գործընկեր կառույցների աշխատակիցների շրջանավարտ ուստրերին և դուստրերին:

Հազարավոր հերոս հայորդիներ, ձեր հայրերը, պապերը իրենց կյանքն են տվել, որպեսզի դուք կարողանաք գլուխներդ բարձր, արժանապատիվ ապրել մեր հայրենիքում՝ ձե՛ր հայրենիքում, տեր լինեք երկրին, պետությանը: Հավատացեք ինքներդ ձեզ, մեր պետությանը: Հիշեք՝ վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, առջեւում՝ անկախ պետականությունը:

Կանաչ ճանապարհ և բարի երթ ենք մաղթում ձեզ, հարգելի՛ շրջանավարտներ: Դուք վաղվա հզոր Հայաստանն եք, վաղվա բարեկեցիկ և պաշտպանված Արցախն եք:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

 

 

Լրահոս

Դիտել ավելին