Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ»

24 Մայիս, 2018 08:38
Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»: Արդյունքում, «Փաստ»–ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ:

Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթայի ըննաև այլ «ֆունկցիա» է իրականացրել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Փաստ»–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ արդեն մոտ 20 օր է՝ ուղևորների նույնականացումը մատնահետք վերցնելու միջոցով այլևս չի իրականացվում:

«Մոտ 15–20 օր է՝ ուղևորի նույնականացումը մատնահետք ֆիքսող սարքով իրականացնելու գործընթացը դադարեցվել է: Ներկայում ուղևորների նույնականացումն իրականացվում է այլ տեխնոլոգիայով: Առաջիկայում կներդրվի անվտանգության նոր, ավելի արդիական համակարգ, քանի որ պետք չէ մոռանալ, որ խոսքը անվտանգությանն է վերաբերում: Համակարգը ներդնելուց հետո հայտարարություն կտարածենք, կցուցադրենք, որպեսզի մարդիկ նույնպես տեղեկանան այդ ամենի մասին»,-ասաց Գ. Աբրահամյանը:

Ի դեպ, «Փաստ»–ին հասած տեղեկությունների համաձայն, այդ «օղակում» հաշվել են նաև, թե որ ավիաընկերությունը օրական քանի մարդ է տեղափոխել և յուրաքանչյուր ուղևորի համար տվյալ ավիաընկերությունից 5 եվրոյի չափով գումար են «ստացել»: Ըստ պտտվող լուրերի, այդ «շրջանառությունը» որևէ տողով փաստաթղթային ձևակերպում չի ստացել: Այսինքն, դա ըստ էության չի ներառվել ավիաընկերությունների կողմից իրականացվող «ծախսերի» ցանկում: Թե ինչ «5 եվրոների» մասին է խոսքը և հավաքված այդ գումարից ում ինչքան գումար է հասել, դժվար է ասել: Այդ մասին հասարակությանը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն երկրի իրավապահ մարմինները:

Մենք միայն հավելենք, որ եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այդ ճանապարհով միլիոնավոր եվրոների հասնող գումարներ են, քանի որ, ըստ քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալների, այս տարվա միայն ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 200 712 մարդ: Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ թվի կեսը Երևան ժամանողներն են եղել, իսկ մյուս կեսը Երևանից մեկնողները, ապա պարզ կդառնա, որ, օրինակ, ապրիլին յուրաքանչյուր մեկ ուղևորի հաշվով ավիաընկերույթյուններից ստացված գումարը կկազմի 501 780 եվրո գումար: Այսինքն, օրական մոտ 16 726 եվրո, որը տարեկան կտրվածքով կկազմի 6 104 990 եվրո գումար: Հ.Գ. Ի դեպ, ներկայացվածը «Զվարթնոց» օդանավակայանում «ձախ» գումարներ աշխատելու միակ տարբերակը չէ: Առաջիկայում կներկայացնենք նաև այլ «ծառայության» մասին, որը նույնպես անհետացել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին