Կարևոր իրադարձություններ

«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ»

24 Մայիս, 2018 08:20
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի բոլոր փուլերում Երևանի քաղաքապետարանը շարունակել է իր բնականոն աշխատանքը, քաղաքային տնտեսության ոչ մի գործընթաց չի մնացել առկախ, քաղաքային բոլոր ծառայությունները շարունակել են անխափան գործել։

–Տիկի՛ն Նահապետյան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ունենք նոր ձևավորված կառավարություն, որն ըստ էության երկրի իշխանությունն է, բայց սրան զուգահեռ՝ քաղաքային իշխանությունն ընդդիմադիր է։ Հաշվի առնելով, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, և այստեղ է ապրում երկրի բնակչության 1/3–ը, սա կարևոր հարց է դառնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

–Այս հարցը վերջերս շատ է շահարկվում, ինչն ինձ, անկեղծ, զարմացնում է. չէ՞ որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Այո՛, Հայաստանի համար սա նոր իրողություն է, բայց դա չի նշանակում, որ մենք այս իրողությունը պետք է մերժենք։ Ի վերջո, քաղաքական ուժերի հակամարտության և երկխոսության արդյունքում է ձևավորվում իրական ժողովրդավարությունը, և դրանից շահում է ժողովուրդը։  Եթե հայացք ուղղենք հենց նույն Եվրոպային, ապա կտեսնենք, որ այդպես է նաև Լիսաբոնում, Օսլոյում, Ցյուրիխում և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում։

–Լավ, բայց ընդունեք, որ սա աննախադեպ իրողություն է մեր երկրի համար։ Ինչպե՞ս եք գործնականում պատկերացնում քաղաքային իշխանության հետագա աշխատանքը։

–Հարցի պրակտիկ կողմը բավականին պարզ է: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս գործընթացների միակ շահառուն ժողովուրդն է, և քաղաքական կողմերը ցանկացած քայլ կատարելիս պետք է առաջնորդվեն ընդհանուր շահով, այն է՝ քաղաքային կառավարումը սահուն հիմքերի վրա պահել և մարդկանց կյանքը դարձնել հարմարավետ։ Կարծում եմ, որ ընդհանուր շահերը հաշվի առնելով՝ պետք է գտնվեն խելամիտ լուծումներ ու ընդհանուր եզրեր։

–Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սոցցանցերում կոչեր են հնչում քաղաքապետի հրաժարականի թեմայով, օրեր առաջ բողոքի ակցիաներ եղան: Ո՞րն է քաղաքապետարանի որդեգրած դիրքորոշումը:

–Կարծում եմ՝ Երևանի քաղաքային իշխանությունները էապես տեսանելի ադեկվատ պահվածք են դրսևորում և ունեն հավասարակշռված դիրքորոշում։

–Ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքային իշխանության ադեկվատ պահվածք և դիրքորոշում ասելով։ Խնդրում եմ մասնավորեցնել։

–Ամեն ինչ շատ պարզ է։ Ակնհայտ էր, որ վերջին շրջանում երկրի քաղաքական իրողությունը գլխիվայր շուռ էր եկել, իսկ գործողությունների հիմնական մասը կատարվում էր մայրաքաղաքում։ Նման իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ամբողջ թիմն իրեն դրսևորում էր որպես զուսպ և կշռադատված քաղաքային կառավարիչ, որի գործառույթն էր քաղաքը զերծ պահել տոտալ պարալիզացումից։ Կարծում եմ՝ բոլորն էլ նկատել են, որ քաղաքային տնտեսության ոչ մի գործընթաց չի մնացել առկախ, քաղաքային բոլոր ծառայությունները շարունակել են անխափան գործել։ Անգամ այն օրը, երբ ոչ իրավաչափ գործողությունների արդյուն­ քում մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք, Երևանի քաղաքապետարանի բոլոր այն օղակները, որոնց գործառույթը քաղաքացիներին հասանելի ծառայությունների մատուցումն է, շարունակեցին իրենց բնականոն աշխատանքը: Սա նշանակում է միայն մեկ բան. ներկա կառավարիչների թիմն ունի հստակ դիրքորոշում՝ խստորեն պահպանել բնակիչների շահերն ու առաջնորդվել ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու սկզբունքով։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին