Կարևոր իրադարձություններ

Իսրայելը պետք է պարտադիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Եվգենի Սատանովսկի

23 Մայիս, 2018 23:23
Իսրայելը պետք է պարտադիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Եվգենի Սատանովսկի

Մայիսի 23-ին Իսրայելի Քնեսեթը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի քվեարկությանը ներկայացնելու մասին: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու որոշումն ընդունվել է թուրք-իսրայելական հարաբերությունների հերթական վատթարացման ֆոնին:

Անդրադառնալով Քնեսեթում բանաձևի քննարկմանը՝ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ անհնար է կանխագուշակել, թե ինչ որոշում կկայացնի Իսրայելի խորհրդարանը՝ հաշվի առնելով պատմական փաստի ճանաչման դեմ երկրում տարածված լոբբինգը:

«Ուրախ եմ, որ Քնեսեթն անցել է Հայոց ցեղասպանության ճանաչման առարկայական քննարկմանը՝ անկախ այն անհեթեթ իրավիճակից, որը տասնամյակներ շարունակ տիրում էր Իսրայելում թուրքական կողմի ճնշումների և թուրք-ամերիկյան լոբբինգի պատճառով:

Հայոց ցեղասպանությունը պետք է պարտադիր կերպով ճանաչվի հրեական պետությունում, որն անցել է իր սեփական ցեղասպանության Ռուբիկոնի միջով»,- ասել է Սատանովսկին РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Ցեղասպանության չճանաչման դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունները չեն բարելավվի, հայ-իսրայելական հարաբերություններում ևս փոփոխություն չի լինի, եթե Թել Ավիվը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանութունը:

Արևելագետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող մանրուն դրամ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, քանի որ թուրքական պետության իշխանությունները՝ ի դեմս նախագահ Էրդողանի, խախտում են տված ցանկացած խոստում:

 

Լրահոս

Դիտել ավելին