Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    543
    551

  • RUB

    6,88
    7,38

Կարևոր իրադարձություններ

Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին

22 Մայիս, 2018 21:22
Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:

Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Նկարիչների միությունը մշտապես անդրադարձել է ազգի և պետության կարևորագույն իրադարձություններին: Այս տարի նախատեսված է իրականացնել 50 ցուցահանդես, որից կարևորագույնը բացվեց այսօր: Այս ցուցահանդեսին մասնակցության համար ներկայացվել էր 500 ստեղծագործության, բայց այսօր ցուցադրված է մոտավորապես 100 գործ: Հանձնաժողովը շատ խիստ է վերաբերվել` ընտրելով լավագույնները»,- նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հավելելով, որ ցուցահանդեսն իրականացվել է բացառապես Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ:

Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով`կյանքում չափազանց կարևոր են փոփոխությունները: «Մեծ կենսաբան Պավլովն ասել է, որ արտաքին աշխարհից եկող մոնոտոն գրգիռները զգալիորեն թուլացնում են մարդու նյարդային համակարգը: Դա կարող է անգամ խելագարության հասցնել անհատին: Ողջունում եմ նոր Հայաստանը և կարծում եմ, որ արվեստում էլ է փոփոխություն հարկավոր»,-շեշտեց նա:

Ցուցահանդեսն իր այցով պատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստովանեց, որ իսկապես ուրախ է, որ հանրապետության նկարիչների կողմից ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել: «Վաթսունականներին, երբ ես դեռ պատանի էի, այս շենքը երիտասարդների համար տաճար էր: Հիշում եմ, որ ամեն տարի այստեղ իրականացվում էին ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում էին մեր մեծանուն նկարիչների` Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի և այլոց ստեղծագործությունները: Ամեն տարի նորություն էր լինում, և դա մեր կյանքում նոր էջ էր բացում: Մարտին Միքայելյանը ճիշտ նշեց, որ արտաքին գործոնները մեր ներքին կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունեն: Հույս ունեմ, որ հետագայում  Հայաստանն ավելի լավն է դառնալու, քան այսօր, և վաղը չէ մյուս օրն ավելի լավը, քան վաղը»,-ասաց Սարգսյանը:

Ներկայացված ցուցանմուշները մեծ ուշադրությամբ դիտելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այն փաստը, որ Երևանում Հայաստանի առաջին 100-ամյակին նվիրված ցուցահանդես է իրականացվում արդեն իսկ լավ է: «Հուսամ, որ մոտ ապագայում այլ ցուցահանդեսներ կլինեն, որտեղ կներկայացվեն տարբեր սերունդների ներկայացուցիչների գործեր: Այսօր Հայաստանը երիտասարդ երկիր է, և լավ կլինի առանձին ցուցահանդես կազմակերպվի, որտեղ կտեսնենք երիտասարդ ստեղծագործողների հեղափոխական գաղափարներն արվեստում: Նրանց քաղաքական մտքերն արդեն բոլորս տեսանք, բայց` ի՞նչ հեղափոխական տրամադրություններ կան ժամանակակից արվեստում դեռ պարզ չէ»,-հավելեց նախագահը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին