Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում արդեն հասանելի է տարածաշրջանում բացառիկ համարվող էպիլեպսիայի վիրահատական միջամտությունը

22 Մայիս, 2018 20:50
Հայաստանում արդեն հասանելի է տարածաշրջանում բացառիկ համարվող էպիլեպսիայի վիրահատական միջամտությունը

Հայաստանում էպիլեպսիան հնարավոր է բուժել վիրաբուժական միջամտության շնորհիվ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչ Բիայնա Սուխուդյանն ասաց, որ դա Հայաստանում համեմատաբար նոր ուղղություն է, և, եթե հարևան Թուրքիայի օրինակից հետո, երևույթը տարածաշրջանում բացառիկ է: «Սոֆիայի համալսարանական կլինիկայի մասնագետների շնորհիվ արդեն երեք տարի է Հայաստանում էպիլեպսիայով տառապող հիվանդները վիրաբուժական միջամտության են ենթարկվում: Էպիլեպսիայի վիրաբուժությունն ավելի քան 50 տարի լայնորեն կիրառվում է արտերկրում, և մեծ թվով հիվանդներ մեկընդմիշտ ազատվում են իրենց հիվանդությունից։ Այսօր մենք պատրաստ ենք ընդունել և հետազոտել ոչ միայն երեխաներին, այլև երիտասարդ և մինչև 40 տարեկան հիվանդների»,-ասաց նա:

Բիայնա Սուխուդյանի խոսքով՝ վիրահատության ամենացանկալի արդյունքը ցնցումներից և հակացնցումային դեղերից մեկընդմիշտ ազատվելն է, որը, բարեբախտաբար, մեծ տոկոս է կազմում։ «Վիրաբուժական միջամտությունը մոտ 70 տոկոս դեպքերում արդյունավետ է, երբ խոսքը ճիշտ ախտորոշման, օջախի ճիշտ հայտնաբերման մասին է: Վիրաբուժական միջամտությունը միայն այն հիվանդների համար է, ովքեր ունեն էպիլեպսիայի օջախային ձևը և չեն ենթարկվում դեղորայքային բուժման», -նշեց նա:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղակայված Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնում վերջին երեք տարիներին վիրահատվել է էպիլեպսիայով տառապող 8 հիվանդ: «Դիսպանսերում մենք ունենք մինչև 18 տարեկան 3000-ից ավելի էպիլեպսիայով հիվանդներ, որոնց 10 տոկոսը ենթակա են էպիլեպսիայի վիրաբուժության, և նրանք ամենածանր հիվանդներն են: Կենտրոնում երեխաները ստանում են անվճար դեղորայք, ինչպես նաև գործիքային և լաբորատոր հետազոտություններից օգտվելու հնարավորություն»,-տեղեկացրեց Սուխուդյանը:

Հայաստանի և Բուլղարիայի մասնագետների 10-ամյա համագործակցության ընթացքում ավելի քան 10 էպիլեպսիայով հիվանդ է տեղափոխվել Բուլղարիա՝վիրահատության:

Էպիլեպսիայի վիրահատական միջամտությունը Բուլղարիայում միջին հաշվով արժենում է 7 000-15 000 եվրո, սակայն Հայաստանում հիվանդը կարող է վիրահատվել 2.460.000 դրամով: «Հայաստանում, շնորհիվ Արա Բաբլոյանի նախաձեռնության, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար վիրահատության գումարը պետությունը փոխհատուցում է ամբողջովին, իսկ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) այլ խմբերում ընդգրկված անձանց հատկացնում է պետական մասնակցություն 50 տոկոսով»,-ընդգծեց Մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչը:

Բիայնա Սուխուդյանը նշեց նաև, որ առաջիկայում էպիլեպտոլոգիական կենտրոնը բարերարների շնորհիվ կհագեցվի նոր սարքավորումներով, և այդ ընթացքում արդեն հնարավոր կլինի ընդգրկել հիվանդության ավելի բարդ դեպքեր, միգուցե նաև՝ օտարերկրյա հիվանդներին՝ առավել մրցունակ գներով: «Էպիլեպսիաների տեսակների մեծ մասը հնարավոր է կառավարել մեկ հակացնցումային դեղորայքով, մնացած 30 տոկոսից 20-ի դեպքում հիվանդները կառավարվում են երկու կամ ավելի հակացնցումային դեղորայքով, իսկ մյուս 10 տոկոսը ընդհանրապես չի ենթարկվում դեղորայքի և կարող է ենթարկվել վիրահատական միջամտության: Եթե խոսքը ժառանգական էպիլեպսիաների մասին է լինում, ապա դրանց մի մեծ խումբը տարիքակախյալ է և հիմնականում ունի բարորակ ընթացք։ Այդ ժամանակահատվածում մենք նշանակում ենք հակացնցումային բուժում, որպեսզի մարդը լիարժեք կյանքով ապրի»,-հավելեց մասնագետը:

Էպիլեպսիան տարածված նյարդաբանական հիվանդություն է, որն ախտահարում է աշխարհի ազգաբնակչության 1-2 %-ը: Նոպաները կարող են դիտվել ցանկացած տարիքում. դրանք ավելի հաճախ են հանդիպում նորածնային հասակում, հաճախականությամբ իջնում են մանկական, պատանեկան և մեծ հասակում և հաճախանում են ծերերի մոտ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին