Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երևանում և միջազգային փորձագետների մասնակցությունն այդ միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության և այլ ուղղություններով:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը: