Կարևոր իրադարձություններ

Որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտումներ կան. Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ

22 Մայիս, 2018 13:28
 Որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտումներ կան. Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ

Ես ևս ոգեշնչված եմ հեղափոխությամբ, քանդելու, վերափոխելու շրջանն ավարտվեց, հիմա կառուցելու ժամանակն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը` անդրադառնալով սպառողական շուկայի կանոնակարգմանը:

Անդրադառնալով սննդի անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչությունների աշխատանքին՝ Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ աշխատանքը ավելի շատ համարում է «չաշխատանք» և նշեց, որ մանկապարտեզներից երեխաները հայտնվում են հիվանդանոցներում, ու պետք է հետևողական լինել պատճառները կանխելու համար: Այդ տեսչությունները պետք է ավելի լայն հնարավորություն ունենան ստուգումներ իրականացնելու՝ դպրոցներում, մանկապարտեզներում: Իրենց  նպատակը պատժելը չէ, այլ այն, թե ինչ է արվում, որ նման դեպքեր չլինեն:

Արմեն Պողոսյանը, խոսելով առանց համապատասխան մակնշման խնդիրների մասին, շեշտեց, որ նման դեպքերն ամեն դեպքում նվազել են: 

«Սնունդը՝ առանց համապատասխան մակնշման, արդեն վտանգ է իրենից ներկայացնում, բայց տարիներ առաջ այդ խնդիրը  90 տոկոս էր կազմում, հիմա կարելի է ասել՝ 60 տոկոս է: Այսինքն` առաջընթացը կա, բայց հեռու է բավարար լինելուց»,-ասաց նա:

Խոսելով գների նվազեցման մասին՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահն ասաց, որ որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտումներ կան, և խոսքն առայժմ գնում է շաքարավազի, բանանի և գյուղմթերքի գների մասին։

«Ամեն քաղաքական հայտարարություն ունենում է տնտեսական հետևանքներ: Վարչապետի հայտարարությունները չէին կարող դրական չազդել»,-ասաց նա: 
Սակայն  նա սխալ համարեց, որ վարչապետը կոնկրետ տնտեսական աճի թիվ չի նշել, ինչը, ըստ նրա, խոսում է հեռանկարի բացակայության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին