Կարևոր իրադարձություններ

Ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման. Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

22 Մայիս, 2018 12:56
Ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման. Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Սիրելի Վարպետ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս և երեխաներս:

Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձևավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան և ամեն ինչ, որ ֆրանսիական է:

Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից:

Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում:

Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության և լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս և հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներևակայելի մեծ առաքելություն է, և ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգևել մարդկությանը:

Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ: Թող ստեղծագործական եռանդն ու ոգևորությունն այսուհետ ևս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին