ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինում ստացվել և վարույթ է ընդունվել Ավանում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության և «Սիվիլնեթ»-ի լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում նաև դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։