Կարևոր իրադարձություններ

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ

21 Մայիս, 2018 21:45
Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ջեոֆ Ջակոմինին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Էրիկ Գրիգորյանին բնապահպանության ոլորտը կառավարող կարևոր կառուցի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել CNF-ի պատրաստակամությունը՝ շարունակել և նոր հարթության վրա դնել Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը։

Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար, շեշտել, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության խնդիրները բնապահպանական գերատեսչության առաջնահերթություններից է և իր կողմից արդեն հանձնարարական է տրվել խստացնել ԲՀՊՏ-ների պահպանության աշխատանքները։ Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացման նպատակով նախարարը կարևորել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման և տարածքների սահմանների հստակ քարտեզագրման խնդիրների լուծումը։

Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին ցուցաբերվող աջակցության ծրագրի նախապես հաստատման անհրաժեշտությունը և տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին