Կարևոր իրադարձություններ

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ

21 Մայիս, 2018 12:26
Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը, մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, հայտարարել է, որ Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:

Անդրադառնալով հայաստանյան  վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում:

«Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում:

«Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների: Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-նշել է Արմեն Սարգսյանը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին