Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանին միացավ ԱՄՆ. աջակցություն Հայաստանի հանրությանը

20 Մայիս, 2018 22:40
Ռուսաստանին միացավ ԱՄՆ. աջակցություն Հայաստանի հանրությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մայիսի 18-ին հյուրընկալվել է վարչապետի նստավայրում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան գործակցության, հարաբերության շարունակական խորացման, նաև ռեգիոնալ նշանակության հարցեր: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր կառավարությունը հետևողականորեն աշխատելու է ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ուղղությամբ, իսկ դեսպան Միլսը այդ հարցում ԱՄՆ աջակցության պատրաստակամությունն է հայտնել: Հանդիպման պաշտոնական հաղորդագրության ուշագրավ դրվագը թերևս այն է, որ վարչապետն ու դեսպանը խոսել են Հայաստանում խորհրդարանական ընտրության, Ընտրական օրենսգրքի բարեփոխման, այլ օրենսդրական վերափոխումների մասին: Սա թերևս առանցքային պահ է դեսպանի այցելության շրջանակում, նկատի ունենալով այն, որ հենց այդ հարցերում է ներկայիս իրավիճակի, այսպես ասած, գլխավոր հակասականությունը՝ կառավարության դե յուրե խորհրդարանական մեծամասնության բացակայությունը:

 

Այդ հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու կամ մտահոգության, որ խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությունը չի ընդառաջի ընտրական և այլ օրենսդրական բարեփոխումների և, ի վերջո, արտահերթ ընտրության օրակարգին, այդպիսով պահպանելով իր իշխանության առնվազն խորհրդարանական մասը: Ու թեև այստեղ, իհարկե, կա կառավարության հանրային մեծ աջակցությունը, սակայն այնուհանդերձ բավականին բարդ է թվում այդ աջակցությամբ ՀՀԿ-ի վրա ճնշում բանեցնելու մեխանիզմը, հաշվի առնելով, որ գործադիր իշխանությունն այլևս ՀՀԿ-ն չէ, և իրավիճակի լարումը խնդիրներ կստեղծի նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Այդ համատեքստում էլ շատ կարևոր է դառնում ԱՄՆ դեսպանի հետ ընտրության և ընտրական օրենսդրության վերափոխման հարցի քննարկումը, որը վկայում է, որ օրակարգային այդ հարցերում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, այդուհանդերձ, հանրային մեծամասնության աջակցությանը զուգահեռ ունի նաև միջազգային հանրության, այդ թվում՝ երկու ուժային կենտրոնների՝ գերտերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությունը: Բանն այն է, որ դեսպան Միլսի հետ ներկայիս քննարկումներից, և ընդհանրապես վարչապետի պաշտոնում հայտնվելուց առաջ էլ, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանը նոր էր հրաժարական տվել, բայց ՀՀԿ-ն շարունակում էր դիմադրել, բավական ուշագրավ հայտարարություն էր արել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը, երբ պարբերաբար հավաստիացնում էր, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին խնդիրն է, և այդպիսով մերժում Մոսկվայի աջակցության ՀՀԿ-ական ակնկալիքները: Պեսկովը այդ օրերին հայտարարեց, որ Մոսկվան հույս ունի Հայաստանում տեսնել խաղաղ հանգուցալուծում և ակնկալում է նաև, որ կձևավորվի հասարակության տրամադրությունները արտացոլող խորհրդարան:

Այսինքն՝ դեռևս ԱՄՆ-ից առաջ, արտահերթ ընտրության օրակարգը ստացել է Կրեմլի աջակցությունը, այժմ այն ստանում է նաև ԱՄՆ աջակցությունը: Կասկած չկա, որ լինելու է նաև Բրյուսելի աջակցություն, և Հայաստանի հանրության ու նոր կառավարության այդ խնդիրը վայելելու է միջազգային երեք խոշոր կենտրոնների աջակցությունը, ինչը, անկասկած, շատ ավելի կշիռ է հաղորդելու Հայաստանի հանրությանն ու կառավարությանը՝ այդ օրակարգի հարցում խորհրդարանի հետ հարաբերությանը: Տվյալ պարագայում ՀՀԿ-ին հարկ է թերևս խոսքը գործ դարձնել և իսկապես ինքնանպատակ չխոչընդոտել կառավարությանը, հետագա, ընդհուպ գուցե միջազգային մասշտաբի բարդություններից խուսափելու համար: Առավել ևս, որ օրակարգը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, շանս է նաև հենց ՀՀԿ-ի համար, որովհետև միայն թվացյալ է կուսակցության ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին