Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ավագանու անդամը՝ Լոռու մարզպե՞տ. «Փաստ»

19 Մայիս, 2018 09:23
Վանաձորի ավագանու անդամը՝ Լոռու մարզպե՞տ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած այս օրերին բավականին լայն սպեկտրով քննարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ նույն կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանին Լոռու մարզպետ նշանակելու մասին լուրը, սակայն «Փաստ»–ի հետ զրույցում  նա նշեց, որ դրանք ընդամենը լուրեր են, որոնք մարդիկ փորձում են իրենց ցան­կությամբ և ճաշակով տարածել: «Facebook սոցիալական ցանցում նման ցանկություններ են հայտնել մարդիկ, և դրանից էլ առաջացել է աժիոտաժը Շատ են զանգում, հարցնում, բայց պետք է ասեմ, որ իրականում ընդհանրապես որևէ նման քննարկում չի եղել»,–ասաց Ք. Մարուքյանը:

Մարզպետի հարցը ոտքի վրա քննարկելու հարցերից չէ  

Անդրադառնալով այն հարցին, որ եթե այնուամենայնիվ նման առաջարկ ստանա, արդյո՞ք կհամաձայնի դառնալ Լոռու մարզպետ  Մարուքյանն ասաց, որ դա ոտքի վրա քննարկելու թեմա չէ, քանի որ կառավարման մոտեցումների մեջ ինքն իր պատկերացումներն ունի, որոնք արմատապես տարբերվում են եղածից  «Ես իմ մոտեցումներն ունեմ, թե ինչ պետք է անել, որպեսզի երկրի միջոցներն արդյունավետ կառավարվեն: Եվ դա հաստատ ներկայում մեր ունեցած մարզպետարանը չէ, քանի, որ այն բավականին անարդյունավետ կառույց է: Մարզպետարան ունենալու փոխարեն  կարելի է մեկ այլ լուծում իրականացնել, որը և՛ կխնայի ֆինանսական միջոցները, և՛ կբացառի առկա ռիսկերը, և՛ կվերացնի այն իշխանական համակարգը, որը մարզպետարանները բանեցնում են փոքր համայնքների և գյուղերի վրա ճնշում գործադրելու համար: Այսինքն, կառավարման առումով մարզպետարանը որպես կառավարման օղակ, բավականին անարդյունավետ գործող կառույց է, և այդ պատճառով էլ պետք է նաև հասկանալ, թե մենք կառավարման ինչ մոդել ենք ընտրում:  Այսինքն, պետք է պահպանենք նույն կառույցնե՞րը և մի պաշտոնյային փոխարինենք մեկ այլ պաշտոնյայով, իսկ կառավարման անարդյունավետ համակարգը թողնենք նույնը ը, թե՞ պետք է գնանք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով»,–ասաց Ք. Մարուքյանը:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Խոսելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի մասին՝ նա նշեց, որ այդ և նմանատիպ որևէ էջ փակված չէ: Պարզապես հարկավոր է հասկանալ  թե որ ուղղությամբ շարժվելն է ավելի արդյունավետ: «Մենք ինչ–որ առիթ չենք փնտրում ինչ–որ բան անելու կամ որևէ մեկին ինչ–որ բան ապացուցելու համար: Ընթացքը ցույց կտա, թե որ տարբերակով գնալն է ավելի օգտակար քաղաքի համար: Այս պահին քաղաքապետի պաշտոնանկության կամ նման այլ քննարկումներ  իհարկե չկան, քանի որ դեռ նոր–նոր է ձևավորվում կառավարությունը: Ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե այս իրավիճակում ինչ ճանապարհով գնալն է ճիշտ, նոր քայլեր արվեն: Հակառակ դեպքում, եթե շտապենք, կարող է որոշ ժամանակ անց պարզվի, որ ինչ–որ բան պետք է անեինք, բայց չարեցինք կամ հակառակը՝ պետք չէր անել, բայց արե­ցինք»,–ասաց Ք. Մարուքյանը:

Մեծ ակնկալիքներ կան օդում կախված

Քրիստ Մարուքյանը լուրջ չի համարում քաղաքապետերի դեմ սկսված ապրիորի դեմարշ կամ բեմականացումներ կազմակերպելը:  Նրա կարծիքով, հարկավոր չէ պահի թելադրանքով ինչ–որ քայլեր ձեռնարկել, իսկ կուսակցություններն ավելի հիմնավոր, կշռադատված և պատասխանատու քայլեր պետք է կատարեն: Խոսելով մարզի համայնքապետերի դեմ  սկսված ակցիաների մասին, նա նշեց, որ որևէ հստակ ինֆորմացիա չունի, թե որ մարզում  ումից ինչ են պահանջում, սակայն խոսակցությունների մակարդակով նման թեմաներ շրջանառվում են: «Ինչ–որ քայլեր են կատարվել համայնքա­ պետերի դեմ ուղղված, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել: Հեղափոխությունից հետո բոլոր մակարդակներում բոլորի մոտ բնականաբար շատ մեծ ակնկալիքներ և սպասումներ կան: Եվ դրանք կարդարացվեն, թե կփարատվեն  կախված է հենց այս պահին ձևավորվող կառավարության քայլերից և ընթացող գործընթացներից: Բայց միանշանակ է, որ այս բոլոր փոփոխությունների արդյունքում մեծ ակնկալիքներ կան օդում կախված»,–ասաց Ք.Մարուքյանը:

Անարդյունավետ կառավարումից մինչև կոռուպցիայի բացառում

Անդրադառնալով Լոռու մարզում առկա խնդիրներին՝ Ք. Մարուքյանը նշեց, որ առաջնայինը, ինչպես  բոլոր մարզերում, եղել և մնում է աշխատատեղերի բացակայությունը: Դա, ըստ նրա, պայմանավորված է եղել կոռուպցիոն ռիսկերով, մենաշնորհներով, կառավարման ոչ թափանցիկ մոտեցումներով: Այսինքն այն ամենով,  ինչի մասին հասարակությունը տարիներ շարունակ խոսում է:: «Դա է անարդյունավետ կառավարումը՝ իր բոլոր դրսևորումներով և հետևանքներով: Եվ եթե համակարգային փոփոխությունների արդյունքում մենք ունենք ավելի արդյունավետ կառավարում բաց ու թափանցիկ մրցույթներ, փարատվեն բոլոր կոռուպցիոն ռիսկերը, մարդիկ տեսնեն, որ հնարավորու­ թյուն կա ինչ–որ մրցույթի մասնակցելու և առանց որևէ ծանոթ–բարեկամի շահելու, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի թե՛ մո­ տեցումների, թե՛ ընդհանուր տրամադրությունների փոփոխությանը: Մարդիկ այսօր դրան են սպասում»,–ասաց Ք. Մարուքյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին