Սիրելի՛ երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի մեր բնակիչներ, բարձր եմ գնահատում յուրաքանչյուր հայի՝ մեր երկրի, քաղաքի ու իր բնակավայրի նկատմամբ ունեցած սերն ու նվիրումը, պատասխանատվության անմնացորդ զգացումը, որն այս օրերին դրսևորվում է զանգվածային տարբեր հավաքների ընթացքում: Միաժամանակ չեմ բացառում, որ կան ու կլինեն որոշ դրսևորումներ, որոնք սպասարկում են նեղ անձնական շահեր և քողարկված են այսպես ասած «Հանուն հայրենիքի»:
Ամենքիս պարտքն է մեր նպաստը բերել հայրենի պետականությանը, երկրին ու համայնքին: Որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գաղափարական համախոհ և թիմի անդամ՝ եղել և մնում եմ մեր քաղաքացու կողքին և պատրաստ եմ լսելու, ընդառաջելու և օրենքի շրջանակում աջակցելու յուրաքանչյուրին՝ հանուն անհատի բարեկեցության, ընտանիքի ամրության և համայնքի շենացման:
Ինչպես նախկինում, այսուհետ ևս, պատրաստակամ եմ ձեր մասնակցությամբ ու խորհուրդներով քննարկելու մեր վարչական շրջանի բարեկեցությանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և նախատեսում եմ առաջիկա շաբաթների ընթացքում պարբերաբար լինել բակերում, լսել ձեր առաջարկությունները, ինչու չէ նաև քննադատությունները: Խնդրում եմ լինեք առավել ակտիվ, որպեսզի բոլորիս ջանքերն ուղղենք մեր երկրի վաղվա լուսավոր օրվան: