Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

18 Մայիս, 2018 11:09
ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտոմեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի։

Վարչապետը հայտարարեց, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ իր գրասենյակի 5 մեքենաներից 3-ից ինքը հրաժարվել է, իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իրենց հատկացված 4 մեքենաներից 2-ից։

Ապա առաջարկեց բոլոր նախարարներին այս հարցում առաջնորդվել հենց այս մոտեցմամբ։

Ավտոմեքենաների թեման գուցե երկար շարունակվեր ու ծավալվեր, եթե դա չկանխեր ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը։ Նա քաղաքավարի, բառի բուն իմաստով՝ դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարեւոր հարցերը թողած՝ տեխնիկական հարցերի հետեւից ընկնելու համար։

«Պարոն վարչապետ, ես կառաջարկեի, որ հանձնարարական տրվեր պետգույքի ստորաբաժանմանը, որպեսզի էս հարցը միասնական կանոնակարգում ստանա, որովհետեւ չեմ կարծում, որ մենք կառավարության նիստերում պետք ա սենց հարցեր քննարկենք զուտ էն իմաստով, որ ինքը գրեթե տեխնիկական ա, օտարում էլ չկա։ Իսկ օրակարգը հրապարակային ա, կարծում եմ՝ էս պրոբլեմների բազմության մեջ օրակարգում նույնիսկ պիտի չլինի էլ այսպիսի հարց», – ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը հարցին կողմ է, դեմ չէ, բայց ապագայի համար է սա ասում։ Վարչապետը, փաստացի ընդունելով իր ենթակայի դիտողությունը, փորձեց արդարանալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին