Կարևոր իրադարձություններ

«Առայժմ ունենք իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը դեռ չի ավարտվել». Գևորգ Յազճյան. «Փաստ»

18 Մայիս, 2018 09:45
«Առայժմ ունենք իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը դեռ չի ավարտվել». Գևորգ Յազճյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմաբան Գևորգ Յազճյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադարձել է նոր կառավարության առջև առկա խնդիրներին ու հեղափոխությունն ավարտին հասցնելու եղանակներին:

«Հեղափոխությունը երկար գործընթաց է» 

Նոր կառավարության հիմնական խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների  կազմակերպումն է և իրապես ժո­ղովրդի կամքն արտահայտող նոր խորհրդարանի ստեղծումը: Երկրորդ խնդիրն է կազմաքանդել այն, ինչ մնացել է հանրապե­տականներից: Նրանք դեռ շատ տեղերում ունեն իշխանական և այլ լծակներ՝ ազդելու երկրի գործընթացների վրա: Եթե այդ կազմաքանդումը չեղավ, հեղափոխությունը չի ավարտվի: Հիմա, ըստ իս, հեղափոխությունը չի ավարտվել: Այն երկար գործընթաց է: Մինչև նախկիններն ամբողջովին չզրկվեն իշխանությունից, ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն կլինի: Այս պահի դրու­թյամբ մենք ունենք իշխանափոխություն:

«Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է»

Նոր կառավարության ներկայացուցիչնե­րին լծակներն արդեն տրվել են: Կառավարության նոր ներկայացուցիչների մեծ մասը երիտասարդներ են: Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է, բայց հաշվի առնենք, որ շատերը նույնիսկ իրենց ոլորտի մասնագետը չեն: Ովքեր էլ այդ ոլորտին առնչվող բարձրագույն կրթություն են ստացել լ՝ համապատասխան փորձառություն չունեն:  Այդ բացն անկախ իրենցից է առաջա­ցել:  Այդ բացը պետք է փակել համապատասխան ոլորտի ազնիվ մասնագետների խորհրդատվություններով: Նրանցից շատերը մի երկու օր են մուտք գործել նախարարություններ, ծանոթանում են գործերի վիճակին: Պետք է թույլ տալ աշխատել գոնե մեկ ամիս:  Իսկ առհասարակ, մնացած բոլոր կադրերի առումով համաձայն եմ, որ իրական պրոֆեսիոնալ կադրերին չի կարելի հեռացնել աշխատանքից: Պետական համակարգում մենք կադրերի կարիք ունենք: Նրանց, ովքեր իրենց ազնիվ են դրսևորել, գործունյա են ու բանիմաց, պետք է պահել համակարգում: Իսկ նրանք, ովքեր նշանակվել են կաշառքի ու խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքներով միանշանակ դուրս պետք է մղվեն պետական համակարգից: Նոր կառավարության անդամները նախկին իշխանության կողմից հասարակությանը պատճառած վնասը պետք է փորձեն վերականգնել: Դա պետք է իրականացնեն իրենց ազնիվ աշխատանքով և դրական օրինակով: Նոր իշխանությունները պետք է աշխատեն պահպանել այն վստահությունը, որն այսօր ունեն: Սա չափազանց ծանր պատասխանատվություն է:

«Երկու կողմ կա»  

Նախկին իշխանավորներին պետք է զրկել տնտեսական լծակներից, նրանց պետք է բերել հարկային դաշտ:  Բացի այդ, նրանք պետք է հաշիվ տան, թե ինչպես են դիզել այդ հարստությունը: Ապօրինությունները պետք է վերացվեն համապատասխան պատիժներով, տուգանքներով անգամ ունեզրկումներով ՝ պետության հաշվին բռնագանձումներով Իսկ եթե ուզում են շարունակել գործունեությունը, թող շարունակեն, խնդիր չկա, բայց միայն օրենքի դաշտում: Ես կարևորում եմ նաև և, այսպես կոչված, լյուստրացիայի հարցը  Այսինքն՝ պետք է բացահայտվեն սովետական ժամանակներից մինչ օրս առկա գործակալները, մատնիչները, որ այսօր նման պոտենցիալ ունեցողներն իմանան՝ կա նաև պատմության դատաստան:

«Չորրորդ հանրապետության իրական սկիզբը»

Չգիտեմ՝ գործընթացները կարծես մի քիչ դանդաղ են ընթանում: Միգուցե հետևյալն է պատճառը. հակասական մի վիճակ է եղել մեզ մոտ՝ հեղափոխությունը չի կարող համատեղվել սահմանադրականության հետ: Բայց քանի որ Նիկոլն ու մյուսները սիրո և հանդուրժողականության ուղին են բռնել, այդ երկու հանգամանքները համադրում են: Այսինքն՝ փորձում են այդ բոլոր խնդիրները լուծել Ազգային ժողովի միջոցով: Այն ԱԺ–ի միջոցով, որտեղ մեծամասնություն են հանրապետականները, ովքեր հեշտությամբ չեն զիջում իրենց դիրքերը: Ինչպե՞ս զիջեն, մանավանդ  երբ հաշվետվություն պետք է տան: Առհասարակ, եթե այս կամ հետագա կառավարությունները նախկիններից հաշվետվություն չպահանջեն, այս ամբողջ աշխատանքը,  հարյուր հազարավորների պոռթկումն իզուր կլինի: Այսինքն՝ կլինի այն, ինչի մասին արդեն նշեցի. կունենանք սոսկ իշխանափոխություն, որը մեր ժողովրդի նպատակը չէ Մենք համակարգի ու նաև արժեքային համակարգի փոփոխություն ենք ուզում Ուզում ենք, որ գնահատվի ազնվությունը, բանիմացությունը: Թե նոր և թե գալիք կառավարություններն այս հարցում կատարելու մեծ աշխատանք ունեն: Եթե նոր արժեքային համակարգի հասնեն, 4–րդ հանրապետության իրական սկիզբը կլինի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին