Կարևոր իրադարձություններ

Հարկավոր է մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատենք և քննարկենք վարկային պատմության համաներման հարցը. Նիկոլ Փաշինյան

17 Մայիս, 2018 12:34
Հարկավոր է մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատենք և քննարկենք վարկային պատմության համաներման հարցը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, տուժել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը 20-80 տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս:

«Մենք կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր ՀՀ-ում չունենք, և սա լուրջ պրոբլեմ է, և տարօրինակ է, քանի որ երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել, և պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր օգտվելու հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ-տուգանքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ երեկ ԿԲ-ի հետ քննարկում են ունեցել, և խնդրեց առաջիկայում մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատեն, և որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:

«Պարո՛ն Ջավադյան, հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն կլինի համակարգող փոխվարչապետի հետ, որ այդ խնդրով կոնկրետ առաջարկներ ստանանք և փորձենք իրավիճակը հաղթահարել»,- ասաց նա՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ իր կարծիքով, եթե  վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնեն, այս խնդրի առաջ չեն կանգնի:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին