Կարևոր իրադարձություններ

Գյումրիում մեկնարկել է ավագանու նիստը. քննարկվում է Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը

17 Մայիս, 2018 11:46
Գյումրիում  մեկնարկել է ավագանու նիստը. քննարկվում է Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը

Գյումրիում  մեկնարկել է ավագանու նիստը, որտեղ քննարկվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը:

Հարցն օրակարգ են բերել Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամները, ստորագրել է նաև 1 հոգի ՕԵԿ-ից, 2 հոգի՝ ԲՀԿ-ից: Գյումրու քաղաքապետի նոր թեկնածուն Տիգրան Հովհաննիսյանն է:

Նիստում առաջինը ելույթ է ունեցել անվստահություն հայտնողների առաջադրած թեկնածուն՝ Բալասանյան դաշինքի ավագանի Տիգրան Հովհաննիսյանը։ Նա չի թաքցրել, որ այս քայլին են գնացել, որովհետև ավելի վաղ ընդդիմությունն էր նման նախաձեռնության մասին հայտարարել։ Այսինքն նախագիծը ներկայացրել են, որ ամրագրեն՝ իրենց թեկնածուն Սամվել Բալասանյանն է։ Առաջադրված թեկնածուն նշել է, որ ինքը կողմ է, որ Սամվել Բալասանյանը մնա իր պաշտոնում:

Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը հորդորեց «Բալասանյան» դաշինքի անդամներին իրենց ժամանակն ավելի օգտակար տեղ ծառայեցնել:

«Ձեր ժամանակն այլ տեղ օգտագործելու հնար չկա՞ր: Մեր քաղաքապետի նոր թեկնածուի՝ Տիգրան Հովհաննիսյանի անունը մի լավ ման եկա ինտերնետում, տեսնեմ՝ հրապարակային նա պաշտպանել կամ քննադատել է Սամվել Բալասանյանին: Չկար ոչ մի բան՝ ո՛չ քաղաքի խնդիրների հետ կապված, ո՛չ քննադատություն, ո՛չ մի բանի: Պարո՛ն Հովհաննիսյան, ոչ մի բան չկար, բայց էս 2 օրը հայտնի դարձաք: Շատ տարօրինակ է, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որևէ մեկի հարցերին չպատասխանել, էդ Ձեզ ստիպե՞լ են դառնալ քաղաքապետ, թե՞ կամավոր եք, եթե  կամավոր եք, ապա Ձեզ շատ հարցեր կան»,- ասաց նա:

Բարսեղյանի համար նաև տարօրինակ էր այն, որ Տիգրան Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, թե ցանկանում է, որ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը մնա իր պաշտոնում:

«Օրակարգ հարց եք մտցրել, բայց հիմա ասում եք, որ ուզում եք Բալասանյանը մնա: Ինչը Ձեզ խանգարեց օրակարգից հարցը հանել»,- ընդգծեց Լևոն Բարսեղյանը:

Հիշենենք, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ «Բալասանյան» դաշինքը ցանկանում է տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Սամվել Բալասանյանին: 

ՏԻՄ օրենքում ամրագրված է, որ եթե առաջադրված թեկնածուն չի ստանում մեծամասնության քվեն, ապա քաղաքապետը մնում է իր պաշտոնում և առնվազն 1 տարի խմբակցությունները նրան անվստահություն հայտնելու իրավունք չեն ունենա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին