Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել ընդլայնել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը

17 Մայիս, 2018 11:10
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել ընդլայնել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն այս շաբաթ դիմել են ԱՄՆ Կոնգրեսին` կոչ անելով ընդլայնել Արցախին և Հայաստանին տրամադրվող ԱՄՆ-ի օգնության ծավալները և Ադրբեջանի կողմից բռնությունները կանխելուն ուղղված քայլեր իրականացնել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Փալոնին և Շիֆին՝ ևս մեկ անգամ իրենց ձայնն ուղղելու Կոնգրեսին, մեր համայնքին և մեր կոալիցիոն գործընկերներին՝ Հայաստանի և Արցախի հետ կապված 2019 ֆինանսական տարվա արտաքին օգնության առաջնահերթությունները բարձրաձայնելու համար»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ես կարծում եմ, որ 2019 ֆինանսական տարվա բյուջեն պետք է արտահայտի ՀՀ անկախության ուժեղացման, Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման և Հայաստանը՝ որպես Միջին Արևելքի վտանգված փախստականների համար տարածաշրջանային ապաստանի աջակցելու հանձնառությունը»,- ասված է Փալոնի նամակում:

Փալոնը հիշեցրել է հայերին ԱՄՆ-ի տրամադրած օգնության երկար պատմությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, և նշել է, որ ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը շարունակվել է՝ օգնելով Սառը պատերազմի ավարտին ժողովրդական բարեփոխումներ իրականացնել և շուկայի վրա հիմնված տնտեսություն ստեղծել:

«Այս բարեփոխումներն այժմ լիովին երևում են ապրիլին տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո, երբ դրանք հանգեցրին մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ժողովրդավարական և արդար ընտրությանը»,- ասել է նա:

Փալոնը 20 միլիոն դոլարի հատկացում է խնդրել Հայաստանում ապաստան փնտրող ավելի քան 20 000 սիրիացի փախստականներին աջակցելու համար, ինչպես նաև 6 միլիոն դոլար՝ Արցախում իրականացվող ծրագրերի իրականացման համար:

Նա նշել է, որ այսօր էլ շարունակվում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ մասամբ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության պատճառով, և կոչ է արել Կոնգրեսի առաջնորդներին չեղարկել Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի ռազմական օգնությունները և 4 միլիոն դոլար հատկացնել  շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու համար: Նա նաև 30 միլիոն դոլար տնտեսական օգնություն և 10 միլիոն դոլար ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար:

Նա նշել է, որ Հայաստանը դուրս է եկել անկայուն քաղաքական ժամանակահատվածից և զանգվածային ցույցերից՝ ունենալով նոր վարչապետ, և իր կարծիքով, սա կարևոր պահ է խորացնելու իրենց համագործակցությունը Հայաստանի հետ և առաջարկելու իրենց աջակցությունը՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ ժողովրդավարություն կառուցելու գործում:

Ավելի վաղ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը  նամակ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովներին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին