Կարևոր իրադարձություններ

«Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ»

17 Մայիս, 2018 09:11
«Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մայիսի 7-ին, երբ նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Փաստաբան Տիգրան Սարգսյանը «Փաստ»-ի հետ զրույցում մի շարք մանրամասներ հայտնեց հանդիպումից:

«Մենք նախագահին ներկայացրել ենք գործարանի վերագործարկման հնարավորությունները: Մեզ հետ եկել էին նաև մասնագետներ, ովքեր «Նաիրիտ»-ում պաշտոններ էին զբաղեցրել: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները շահագրգռված են, որ այն վերագործարկվի, որովհետև գործարանը նախևառաջ ազգային արժեք է: «Նաիրիտ»-ի վերագործարկումը մեր տնտեսության համար թռիչքային աճ կարող է ապահովել: Աշխարհում բացառիկ երկրներ կան, որոնք կարողանում են տալ այն արտադրանքը, որը տալիս էր «Նաիրիտը»: Մենք նախագահին ներկայացրեցինք նաև արտասահմանյան կոնկրետ ընկերությունների անուններ, որոնք ժամանակին եկել են, հետաքրքրվել են «Նաիրիտ»-ի վերագործարկմամբ, սակայն տեղական իշխանությունների մերժողական կեցվածքի պատճառով այդ ընկերությունները չեն կարողացել վերագործարկել այն: Նախկին պաշտոնյաներն իրենց խանգարել են»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Սարգսյանը հայտնեց՝ նախագահը երաշխավորել է, որ ապագա ներդրողների համար ստեղծվելու են հնարավոր բոլոր բարենպաստ պայմանները: «Նախկինում գործարանը հսկայական պարտքեր է կուտակել: Պարտքեր ունի հարկային մարմիններին, «ՀԷՑ»-ին, «Ջրմուղին»: Պարտք է մասնավոր ընկերություններին, կան նաև աշխատավարձերի պարտքեր: Հիմա պետությունը պատրաստ է, այսպես ասած, զիջել այն պարտքերը, որի «տերն» ինքն է: Ըստ էության, «Նաիրիտ»-ի հիմնական պարտատերերը պետական կառույցներն են: Եթե անգամ մասնավոր ընկերություններ են, ապա պետության միջամտությամբ հնարավոր է մարել նաև այդ պարտքերն ու բերել զրոյական վիճակի: Նախագահն ասաց, որ նման առաջարկով կդիմի կառավարությանը, և ինքը հենց այդ տարբերակի կողմնակիցն է: Ասաց, որ կքննարկեն ու ջանքեր կգործադրեն, որ այդ խնդիրը լուծվի: Նախագահը կառավարությանն առաջարկ է ներկայացնելու՝ անել հնարավորը՝ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրողների համար ևս շահեկան իրավիճակ կստեղծվի: «Այս ժամանակահատվածում ամերիկյան, ճապոնական ընկերությունների ներկայացուցիչներ են եկել, ովքեր ցանկացել են «Նաիրիտում» աուդիտ իրականացնել: Փորձել են ներդրումներ անել, բայց կառավարության կողմից մերժողական վերաբերմունքի են արժանացել: Կամ, չգիտեմ, միգուցե կոռուպցիոն ինչ-ինչ երևույթների պատճառո՞վ է, որ այդ ընկերություններին նման քայլի գնալու հնարավորություն չեն տվել»,-շեշտեց փաստաբանը:

Նա հայտնեց, որ Արմեն Սարգսյանին են ներկայացվել նաև դատական համակարգին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներից հետո իրենց իրավունքները փորձում են վերականգնել դատարանների միջոցով: Տևական ժամանակ է, ինչ նրանց ներկայացրած հայցերով դատաքննություն է իրականացվում: Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ կոնկրետ 18 հոգուց բաղկացած խմբի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ որոշում է կայացվել:

«Նաիրիտցիները ևս առնչվել են դատական համակարգի հետ: Ներկայացրեցինք, որ մեր դատական համակարգում կան ոչ պրոֆեսիոնալ դատավորներ, որոնք նաև դատավարական կանոններ են խախտում: Հայտնեցինք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 1998 թվականից Վճռաբեկ դատարանում է, եղել է նաև Արդարադատության խորհրդի նախագահ, և առկա բացասական հետևանքներն իր վատ աշխատանքի արդյունքն են: Խնդրեցինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ քննարկի Արման Մկրտումյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը: Ա. Մկրտումյանն իր գործունեությամբ հանգեցրել է նրան, որ այսօր հասարակությունը դատարաններին չի վստահում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին