Կարևոր իրադարձություններ

«Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել». Գրիգոր Մինասյան. «Փաստ»

16 Մայիս, 2018 10:30
«Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել». Գրիգոր Մինասյան. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է. 

-Պրն Մինասյան, որպես Երևանի ավագանու անդամ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն ունեցան վերջին մեկ ամսվա զարգացումները Երևանի քաղաքային կյանքի վրա։

-Այս օրերին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հազարավոր մեկնաբանություններ հնչեցին. մեր ամբողջ ժողովուրդն էր քաղաքագետ ու վերլուծաբան դարձել։ Հետևաբար, խոսեմ ըստ էության, ու նշեմ, որ չնայած վերջին զարգացումների աննախադեպությանը, Երևանում շարունակվեց բնականոն կյանքը. հասանելի էին քաղաքային ծառայությունները, աշխատում էր կոմունալ բլոկը, քաղաքային իշխանությունները կատարում էին ժողովրդի կողմից իրենց վստահված գործառույթները։

-Այսինքն՝ քաղաքը մնաց զարգացումների լուսանցքո՞ւմ, թե՞ քաղաքը չխառնվեց ակցիաներին։

-Քաղաքը շարունակեց ծառայել իր քաղաքացիներին. դա է միակ պատասխանը։ Ի՞նչ եք -կարծում, եթե ցուցարարները փողոցում արտահայտում են մի դիրքորոշում, որի հետ, հնարավոր է, ամբողջապես համաձայն չէր Երևանի ավագանու մեր խմբակցությունը, ուրեմն Երևանի քաղաքապետարանը չպե՞տք է փողոցը մաքրեր ու քաղաքային լուսավորություն ապահովվեր։ Քաղաքն իր բնակիչների համար է աշխատում, իսկ այլակարծությունը սահմանադրությամբ երաշխավորվող իրավունք է։

-Դուք ամեն կերպ ընդգծում եք, որ Երևանի քաղաքապետարանը ոչ քաղաքական կառույց է։

-Այո՛, Երևանի քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է, որը, սակայն, ձևավորվում է քաղաքական գործընթացի՝ ընտրությունների միջոցով։ Քաղաքապետարանի գործառույթը քաղաքի մենեջմենթն է, արդյունավետ կառավարումը։ Եթե քաղաքի գործառույթները քաղաքականացվեն, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի. ասենք՝ անգամ երբ քաղաքական անհամաձայնություն լինի ավագանու տարբեր խմբակցությունների միջև, ու փողոցները չբարեկարգվեն, կանաչ տարածքները չխնամվեն։ Ասենք՝ սա քաղաքական կառույց է, մենք տարաձայնություններ ունենք, մինչև համաձայնության չգանք, ոչ մի աշխատանք, նորմա՞լ կլինի։ Աբսուրդ է, չէ՞։

-Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆեյսբուքում տարածված կոչերը՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Դա քաղաքակա՞ն պահանջ է, թե՞ ինչ։

-Երևանի քաղաքապետը վայելում է Երևանի բնակիչների վստահությունն ու հարգանքը։ Դրա պարզագույն ապացույցը նվազագույնը նույն այդ Ֆեյսբուքում քաղաքապետի համակիրների աջակցության կոչերն են։ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք բարեկարգվել են փողոցներ ու բակեր, վերակառուցվել ու վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, վթարային շենքերից ավելի քան 600 ընտանիք տեղափոխվել է նորակառույց շենքեր, բազմաթիվ այգիներ են վերակառուցվել... թվարկելը երկար կարող եմ շարունակել։ Խնդրում եմ հակադարձեք ինձ՝ բերելով նախկին քաղաքապետերի աշխատանքներից օրինակներ։ Գիտեք, փոփոխությունները, հեղափոխություններն ինքնանպատակ չեն կամ գոնե չպետք է ինքնանպատակ դառնան։ Ալիքի տակ ընկնել, գալ պահանջել մի մարդու հրաժարականը, ով այդքան աշխատանք է արել, ու ասել, թե հեղափոխություն է, և այլն, և այլն… այս ամենը երեխայություն է հիշեցնում։

-ՀՀ նորանշանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերում ասել է, որ չի խրախուսում բողոքի ակցիաների կամ փողոց փակելու միջոցով հարցեր լուծելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը քաղաքապետի հրաժարականի համատեքստում։

-Ռացիոնալ կոչ է։ Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել։ Հարկավոր է բոլոր հարցերը լուծվեն քննարկման, համագործակցության և օրենքով սահմանված ճանապրհով։ Ի վերջո, այս պետական կառավարման բոլոր կառույցներին միավորում է ամենակարևորը. աշխատանք են ի շահ մեր համաքաղաքացիների, ուստի ժամանակն է, որ քաղաքական իրողությունը փողոցային պայքարից տեղափոխվի աշխատանքի ու համագործակցության դաշտ։

 

Լրահոս

Դիտել ավելին