Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը վտանգված է

15 Հոկտեմբեր, 2015 09:57
Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը վտանգված է

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը շոտլանդական Գլազգոյում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը՝ վարկանշային Ռիո-2016ի համար: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հիմնական հույսերը կապում էր Արթուր Դավթյանի հետ բազմամարտում, քանի որ այստեղ լավագույն 25-ը կարող են օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Իսկ առանձին գործիքներում օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը շատ դժվար է:

Սակայն ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ մեր մարմնամարզիկը առողջական խնդիրներ ունի.

«Արթուր Դավթյանի մոտ մինչև շաբաթ օրն ամեն ինչ լավ էր:

Մեր առաջատարը՝ Օլիմպիական խաղերի ուղեգրի հիմնական հույսը, վատառողջ է: Շաբաթ օրվանից անհասկանալի բաներ են կատարվում մարմնամարզիկի հետ: Հինգ օր է շարունակական գլխապտույտներից է բողոքում: Մի քանի օրից պետք է մեկնենք, բայց մինչև այսօր բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում տղայի հետ:

Մեր մարզաձևում գլխապտույտը շատ մեծ խնդիր է: Մինչև ուրբաթ օրը ստուգողական բոլոր մարզումները շատ լավ են անցել: Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը նորմալ մարզավիճակում են: Եթե նրանք ցույց տան նույն արդյունքներն, ինչ անում են մարզումների ժամանակ, եզրափակիչ կարող են հասնել:

Արթուր Դավթյանը աշխարհում լավագույններից մեկն է բազմամարտում: Հենց այստեղ է մեծ օլիմպիական ուղեգիր նվաճելու հավանականությունը: Իսկ առանձին գործիքների վրա, ուղեգիր նվաճում են նրանք, ովքեր մրցանակային տեղ են զբաղեցնում, այստեղ մի քիչ ավելի բարդ է: Ցավոք սրտի, աշխարհի առաջնությունից բացի, վարկանիշային այլ մրցումներ չունենք և հենց դա է պատճառը, որ այսքան անհանգստացած ենք: Այլ հնարավորություն չենք ունենա: Ամբողջ աշխատանքը ջուրն է գնում»,-ասել է Սերոբյանը:

ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ապրում և մարզվում է ԱՄՆ-ում: «Նա գալիս է ԱՄՆ-ից, բայց հայուհի է: Մարզիչն էլ է հայ: Հուռին Եվրոպայի առաջնությունում բավականին լավ արդյունքի հասավ: Մարմնամարզիկն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու շատ մեծ հնարավորություն ունի»,-ասել է մարզիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին